Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Դուք ծանո՞թ եք։ (Ցույց է տալիս իշխան Աբրեզկովին):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ինչպես չէ, ես պատիվ եմ ունեցել ներկայացված լինելու (Shake hands[1] նստում են): Եղբորս աղջիկը՝ Նելլին, հաճախ խոսում է ձեր մասին։

ԼԻԶԱ․— Այո, մենք շատ մտերիմ էինք իրար։ (Քաշվելով նայում է Աննա Դմիտրիևնային)։ Այժմ էլ մտերիմ ենք։ (Աննա Դմիտրիևնային): Ես ամենևին չէի սպասում, թե դուք կցանկանայիք տեսնել ինձ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես լավ էի ճանաչում ձեր ամունուն։ Նա բարեկամ էր Վիկտորի հետ և լինում էր մեզ մոտ։ Տամբով տեղափոխվելուց առաջ։ Կարծեմ այնտեղ էր, որ ամուսնացավ ձեզ հետ։

ԼԻԶԱ.— Այո, մենք այնտեղ ամուսնացանք։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Իսկ հետո, երբ նորից տեղափոխվեց Մոսկվա, այլևս չէր գալիս մեր տուն։

ԼԻԶԱ․— Այո, նա գրեթե ոչ մի տեղ չէր գնում։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Եվ չի ծանոթացրել ինձ ձեզ հետ։ (Անհարմար լռություն):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Վերջին անգամ ես հանդիպեցի ձեզ Դենիսովների տանը եղած ներկայացման ժամանակ։ Շատ լավ էր։ Դուք էլ էիք խաղում։

ԼԻԶԱ.— Ոչ... այո... ի՜նչպես չէ... հիշում եմ։ Ես խաղում էի։ (Նորից լռություն): Աննա Դմիտրիևնա, ներեցեք ինձ, եթե ձեզ համար անհաճո լինի այն, ինչ որ կասեմ, բայց ես չեմ կարող կեղծել։ Ես եկել եմ նրա համար, որ Վիկտոր Միխայլովիչն ասաց, թե... Եկել եմ նրա համար, որ նա... այսինքն, որ դուք ցանկացել եք ինձ տեսնել... Բայց ավելի լավ է, ամեն բան ասեմ... (Հեծկլտում է): Շատ ծանր է ինձ համար... իսկ դուք բարի եք։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ․— Ավելի լավ է ես գնամ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, գնացեք։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ցտեսություն։ (Հրաժեշտ է տալիս երկու կանանց և դուրս է գնում):

  1. Ձեռքերի բարեհաճ շարժում։