Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգին աղջկան, աղբի հետ հավասարեցրիր, այն ինչ արիր։ Դու աստված չունես։

ՖԵԴՅԱ.— Դու, Նաստասյա Իվանովնա, անմեղ տեղն ես ինձ վրա կարծիք տանում։ Քո աղջիկը, ոնց որ իմ քույրը։ Ես սրա պատիվը պահպանում եմ։ Եվ դու ուրիշ բան մի կարծիր։ Ես սիրում եմ սրան։ Էլ ի՞նչ անեմ։

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ.— Իսկ փող որ ունեիր, չէիր սիրում։ Կգրեիր այն ժամանակ խմբի օգտին տասը հազար և կառնեիր պատվավոր կերպով։ Իսկ հիմա փողերդ կերել, պրծել ես և թաքուն փախցրել աղջկաս։ Ամոթ է, աղա, ամոթ է։

ՄԱՇԱ.— Չի փախցրել, ես ինքս եմ եկել։ Եվ հիմա որ տանեք, էլի կգամ։ Սիրում եմ նրան և վերջ։ Ձեր բոլոր կողպեքներից էլ ամուր է իմ սերը... Չե՛մ ուզում, որ չե՛մ ուզում։

ՆԱՍՏԱՍՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ․- Դե, Մաշենկա, ջանիկս, մի փնթփնթա։ Լավ չես արել։ Բայց ի՞նչ անենք, արի գնանք։

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ.— Դե, բավական է խոսեք։ Մա՛րշ։ (Բռնում է Մաշայի ձեռքից): Ներեցեք, աղա։ (Երեքն էլ դուրս են գնում):

ՏԵՍԻԼ 4

Ֆեդյա: Մտնում է իշխան Աբրեզկովը:

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ներեցեք ինձ։ Ես ակամա վկա եղա մի անհաճո տեսարանի...

ՖԵԴՅԱ.— Ո՞ւմ հետ պատիվ ունեմ... (Ճանաչում է): Ա՛խ, իշխան Սերգեյ Դմիտրիևիչ։ (Բարևում է):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ակամա վկա եղա մի անհաճո տեսարանի։ Ես կկամենայի չլսել։ Բայց որ լսեցի, պարտքս եմ համարում ասել, որ լսեցի։ Ինձ ուղարկեցին այստեղ, և դռան մոտ հարկադրված էի սպասել այդ անձնավորությունների դուրս գալուն։ Մանավանդ որ դռան ծեծելս չէր լսվում խիստ բարձր ձայների մեջ։

ՖԵԴՅԱ.— Այո՛, այո՛։ Խնդրեմ խոնարհաբար։ Շնորհակալ եմ ձեզնից, որ այդ բանն ասացիք ինձ։ Այդ ինձ իրավունք է տալիս բացատրելու ձեզ այդ տեսարանը։ Այն, ինչ որ դուք կմտածեք իմ մասին, միևնույն է ինձ համար։