Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էի, էի, որովհետև այժմ գիտակցությանս մեջ վաղուց է, որ ամուսին չեմ։ Եվ կնոջս բոլորովին ազատ եմ համարում։ Ուրեմն, ահա՛ ձեզ իմ պատասխանը ձեր առաքելությանը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Այո, բայց դուք ճանաչում եք Վիկտորի ընտանիքը և իրեն Վիկտորին։ Նրա հարաբերությունները դեպի Ելիզավետա Անդրեևնան միշտ ամենահարգալիր, և հեռավոր հարաբերություններ են եղել և այդպես էլ մնում են։ Ծանր օրերին նա օգնում էր Ելիզավետա Անդրեևնային։

ՖԵԴՅԱ.— Այո, ես իմ անառակությամբ նպաստում էի նրանց մերձեցմանը, ի՞նչ արած։ Պետք է որ այդպես լիներ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Դուք գիտեք նրա և նրա ընտանիքի խստակրոն ուղղափառ համոզումները։ Ես այդպիսի համոզումներ չունեմ։ Ես ավելի լայն հայացքով եմ նայում իրերի վրա։ Բայց հարգում եմ այդ համոզումները և հասկանում։ Հասկանում եմ, որ նրա և մանավանդ մոր համար, անհնարին է մերձենալ կնոջը առանց եկեղեցական պսակի։

ՖԵԴՅԱ.— Այո, ինձ հայտնի է նրա բըթ․․․ շիտակությունը, պահպանողականությունն այդ բանում։ Բայց ի՞նչ են ուզում նրանք։ Ապահարզա՞ն։ Ես վաղուց ասել եմ նրանց, որ պատրաստ եմ տալու, բայց որ դրա համար մեղքն ինձ վրա պիտի առնեմ, ասել է թե՝ պիտի ստեմ, այդ բանը շատ ծանր է։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես կատարելապես հասկանում եմ ձեզ և միևնույնը ես եմ կարծո՛ւմ։ Բայց ի՞նչ անենք։ Ես կարծում եմ, որ կարելի է այսպես անել... Ասենք դուք իրավացի եք։ Այդ սարսափելի է, և ես հասկանում եմ ձեզ։

ՖԵԴՅԱ (սեղմում է ձեռքը).— Շնորհակալ եմ, սիրելի իշխան. ես ձեզ միշտ ազնիվ, բարի մարդ եմ ճանաչել։ Բայց, ասացեք, ի՞նչպես անեմ։ Ի՞նչ անեմ։ Մտեք լիովին իմ դրության մեջ։ Ես չեմ աշխատում լավանալ։ Ես անպիտան եմ։ Բայց կան բաներ, որ ես չեմ կարող հանգիստ խղճով անել։ Չեմ կարող հանգիստ կերպով ստել։