Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 3

Նույնք և սպասավոր:

ՖԵԴՅԱ (ծածկում է ատրճանակն անձեռոցիկով).— Բաց արա շիշը։ Արի խմենք։ (Խմում են): (Ֆեդյան գրում է). Սպասիր մի քիչ։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Քո․․․ մեծ ճանապարհորդության կենացը։ Չէ, որ ես բարձր եմ կանգնած այդ բանից։ Ես չեմ բռնի ձեռքդ։ Թե կյանքը, թե մահը հանճարի համար միևնույն են։ Ես մեռնում եմ կյանքի մեջ և ապրում եմ մահվան մեջ։ Դու կսպանես քեզ, որպեսզի նրանք, երկու մարդ, խղճան քեզ։ Իսկ ես,— ես կսպանեմ ինձ նրա համար, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ կորցրեց ինքը։ Ես չեմ էլ տատանվի, մտածի։ Առա (առնում է ատրճանակը), մեկ,— ու պրծավ։ Բայց դեռևս վաղ է (ցած է դնում ատրճանակը): Ես գրելու էլ բան չունեմ, նրանք՝ իրենք պետք է հասկանան... Ախ, դուք...

ՖԵԴՅԱ (գրում է).— Մի քիչ սպասիր։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Ողորմելի՜ մարդիկ։ Ղժվժում են, դես ու դեն են ընկնում։ Եվ չեն հասկանում,— ոչինչ չեն հասկանում։ Քեզ չեմ ասում։ Հենց այնպես, արտահայտում եմ մտքերս։ Իսկ ի՞նչ է հարկավոր մարդկությանը։ Շատ քիչ բան.— գնահատել իր հանճարներին, իսկ նրանք միշտ պատժել, հալածել, տանջել են նրանց... Ո՛չ, Ես չե՛մ դառնա ձեր խաղալիքը։ Ես կպոկե՛մ դիմակը ձեր երեսից։ Ո.ո.ո՜չ։ Կեղծավորնե՛ր։

ՖԵԴՅԱ (վերջացրեց գրելը, խմում է և կարդում).— Հեռացիր, ի սեր աստծո։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Հեռանա՞մ։ Դե, մնաս բարով։