Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առանց սուտ ասած լինելու, կարող եմ ասել, որ սիրում եմ ձեզ․․․ քեզ։ Այժմ հոգիս խաղաղ է, և դրությունս է միայն, որ տանջում է ինձ։ Այդ ապահարզանը։ Այդ բոլորն այնքա՜ն անտանելի է։ Այդ սպասողական վիճակը։

ԿԱՐԵՆԻՆ.— Իսկույն, իսկույն կվճռվի։ Բացի այն, որ նա խոստացավ, քարտուղարիս խնդրեցի, որ խնդրագիրը տանի նրա մոտ և չհեռանա, մինչև որ ստորագրել տա։ Եթե չճանաչեի նրան, ինչպես որ ճանաչում եմ, կկարծեի, թե դիտմամբ է անում։

ԼԻԶԱ․— Նա՞։ Ոչ, այդ էլ նրա թե՛ թուլությունն է և թե ազնվությունը։ Չի ուզում անճիշտ բան ասած լինել։ Միայն իզուր նրան փող ուղարկեցիր։

ԿԱՐԵՆԻՆ.— Չէր կարելի։ Գործը կարող էր կանգ առնել։

ԼԻԶԱ.— Ոչ, փողը ինչ-որ լավ բան չէ՛։

ԿԱՐԵՆԻՆ.— Դե՛, նա արդեն կարող է ավելի քիչ pointilleux[1] լինել։

ԼԻԶԱ․— Որքա՜ն եսասեր ենք դառնում մենք։

ԿԱՐԵՆԻՆ.— Այո՛, խոստովանում եմ։ Դո՜ւ ես մեղավոր։ Այնքան սպասելուց, այնքան հուսահատվելուց հետո, այժմ ես այնքա՜ն երջանիկ եմ։ Իսկ երջանկությունը մարդուն եսասեր է դարձնում։ Դո՛ւ ես մեղավոր։

ԼԻԶԱ.— Կարծում ես, մենակ դո՞ւ ես եսասեր դարձել։ Ես էլ եմ դարձել։ Ես զգում եմ, որ ամբողջովին լի եմ, լողում եմ երջանկությանս մեջ։ Ամեն բան կա, թե՛ Միկան առողջացավ, թե՛ քո մայրն է սիրում ինձ, թե՛ դու և գլխավորը — ե՛ս, ե՛ս եմ սիրում։

ԿԱՐԵՆԻՆ.— Հա՞։ Առանց զղջալո՞ւ։ Անդա՞րձ։

ԼԻԶԱ.— Այն օրվանից ամեն բան հանկարծ փոխվեց իմ մեջ։

ԿԱՐԵՆԻՆ.— Եվ նորից չի՞ փոխվի։

ԼԻԶԱ.— Երբե՛ք։ Ես մի բան եմ միայն ցանկանում,— որ քո մեջ ևս բոլորովին վերջացած լինի այդ, ինչպես իմ մեջ։

  1. Բծախնդիր։