Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 2

Նույնք և դայակը երեխայի հետ։ Դուրս է գալիս դայակը երեխայի հետ: Երեխան գնում է մոր մոտ: Մայրը վերցնում է նրան ծնկան վրա:

ԿԱՐԵՆԻՆ.— Ո՞րպիսի դժբախտ մարդիկ ենք մենք։

ԼԻԶԱ․— Ի՞նչ է որ։ (Համբուրում է երեխային):

ԿԱՐԵՆԻՆ.— Երբ որ ամուսնացար, և արտասահմանից վերադառնալուց հետո իմացա այդ ու զգացի, որ կորցրել եմ քեզ, ես դժբախտ էի, և ուրախանում էի, որ իմանում էի, թե հիշում ես ինձ։ Այդ ինձ բավական էր։ Հետո, երբ բարեկամական հարաբերություններ հաստատեցինք իրար հետ, և ես զգացի, որ դու սիրալիր ես վարվում ինձ հետ և մեր բարեկամության մեջ կա ինչ-որ բարեկամությունից ավելի մեծ բանի մի փոքր կայծ, ես արդեն գրեթե երջանիկ էի։ Ինձ միայն տանջում էր այն բանի վախը, որ ես ազնիվ չեմ Ֆեդյայի վերաբերմամբ։ Ասենք, ես միշտ հաստատապես գիտակցել եմ, որ բացի ամենամաքուր բարեկամությունից ուրիշ տեսակ հարաբերություններ չեմ կարող ունենալ ընկերոջս կնոջ հետ,— և քեզ էլ ճանաչում էի,— այնպես որ այդ բանը չէր տանջում ինձ, և ես գոհ էի։ Հետո, երբ Ֆեդյան սկսել էր տանջել քեզ, և ես զգացի, որ օգնականդ եմ, և դու վախենում ես իմ բարեկամությունից, ես արդեն բոլորովին երջանիկ էի, և մեջս ինչ-որ անորոշ մի հույս սկսեց ծագել։ Հետո... երբ նա արդեն անտանելի դարձավ, դու վճռեցիր թողնել նրան, և ես առաջին անգամ ասացի ամեն բան, և դու «չէ» չասացիր, այլ արցունքն աչքերիդ հեռացար ինձնից. ես արդեն կատարելապես երջանիկ էիք Եվ եթե ինձ հարցնեին, թե էլ ի՞նչ եմ ուզում, կասեի՝ ոչինչ։ Բայց հետո հնարավոր դարձավ կյանքս կապելու քո կյանքի հետ. maman սիրեց քեզ, այդ հնարավորությունն սկսեց իրագործվել. դու ասացիր ինձ, թե սիրում էիր և սիրում ես ինձ, հետո ասացիր ինձ, ինչպես այժմ, թե նա չկա քեզ համար, և դու ինձ ես միայն սիրում,— ըստ երևույթին, այլևս ի՞նչ պիտի ուզեի։ Բայց ոչ, այժմ, այժմ ես տանջվում եմ անցյալիս համար, կուզեի, որ չլիներ այդ անցյալը, այլ լիներ այն, ինչ որ հիշեցնում է այդ անցյալը։