Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ V

Պատկեր 1-ին

Պանդոկի կեղտոտ սենյակ: Սեղանի մոտ նստած են թեյ և օղի խմողներ: Առաջին գծի վրա դրված է մի փոքրիկ սեղան, որի մոտ նստած է շենք ու շնորհքից ընկած Ֆեդյան պատառոտուն հագուստով և նրա հետ Պետուշկովը, ուշադիր, քնքուշ մի մարդ, հոգևորականի նման երկայն մազերով: Երկուսն էլ քիչ ու միչ խմած են:

ՏԵՍԻԼ 1

Ֆեդյա և Պետուշկով:

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Հասկանում եմ, հասկանում։ Ա՛յ, այդ իսկական սեր է։ Հետո՞։

ՖԵԴՅԱ.— Գիտե՞ք ինչ կա, եթե այդ զգացումները երևան գային մեր շրջանի մի աղջկա մեջ, որ նա ամեն բան զոհեր իր սիրած մարդու համար․․․ այն ինչ նա մի գնչուհի էր, դաստիարակված ամբողջովին շահասիրության մեջ, և այդ գնչուհին սիրում էր մաքուր, անձնազոհ սիրով։ Տալիս էր ամեն բան, իսկ ինքը ոչինչ չէր պահանջում։ Մանավանդ այդ հակապատկերը։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Մեզանում նկարչության մեջ այդ բանը անվանվում է «վալյոր»։ Ա՛յն ժամանակ միայն կարելի է կատարելապես վառ-կարմիր գույն ստանալ, երբ չորս բոլորը․․․ Ասենք, բանն այդ չէ։ Հասկանում եմ, հասկանում...

ՖԵԴՅԱ.— Հետո,— և այս, կարծեմ, միակ բարի վարմունքն է, որ ունեցել եմ,— ես չեմ օգտվել նրա սիրուց։ Բայց գիտե՞ք ինչու։