Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Խղճահարությունից։

ՖԵԴՅԱ.— Օ՛հ, չէ՛: Ես խղճահարություն չեմ ունեցել դեպի նա: Ես միշտ հիացած եմ եղել նրանից, և երբ երգում էր,— ա՜խ, ինչպես էր երգում և հիմա էլ, գուցե, երգում է,— միշտ վարից վեր էի նայում նրան։ Ես նրան չկործանեցի պարզապես այն պատճառով, որ սիրում էի։ Ճշմարիտ սիրով էի սիրում։ Եվ այժմ այս բանը լավ, լավ հիշողություն է։ (Խմում է):

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ա՛յ, հասկանում եմ, հասկանում։ Իդեալական բան է։

ՖԵԴՅԱ.— Լսեցեք ինչ եմ ասում. ես կանանցով տարվել եմ։ Մի անգամ էլ սիրահարված էի. սիրուն կին էր. սիրահարված էի անպիտան կերպով, շնավարի, և նա rendezvous[1] նշանակեց։ Չգնացի, որովհետև տեսա, որ ցածություն կլինեի գործած նրա ամուսնու վերաբերմամբ։ Եվ մինչև հիմա էլ, զարմանալի է, որ հիշում եմ, ուզում եմ ուրախանալ և գովել ինձ, որ ազնիվ վարվեցի, բայց... զղջում եմ, որպես թե մեղք լինեի գործած։ Իսկ Մաշայի վերաբերմամբ — ընդհակառակը։ Միշտ ուրախանում եմ, ուրախանում, որ ոչնչով չեմ արատավորել զգացումս... Կարող եմ էլի ընկնել, բոլորովին ընկնել, վերջին շապիկս կծախեմ, ամբողջովին կոջլոտվեմ, կքոսոտվեմ, իսկ այդ ադամանդը, ոչ, ադամանդ չէ, այլ արևի շողը, այո՛, կմնա ինձ հետ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Հասկանում եմ։ Հասկանում։ Բայց ո՞րտեղ է նա այժմ։

ՖԵԴՅԱ.— Չգիտեմ։ Չէի էլ ուզի իմանալ։ Այս բոլորն ուրիշ կյանքից էր։ Եվ չեմ ուզում խառնել այս կյանքի հետ։ (Ետևի սեղանի մոտ լսվում է կանացի աղաղակ: Ներս են մտնում պանդոկապետը և քաղաքապահ մի ոստիկան: Դուրս են տանում: Ֆեդյան և Պետուշկովը նայում են, ականջ դնում և լռում):

ՊԵՏՈՒՇԿՈՎ (այն բանից հետո, երբ այնտեղ լռություն տիրեց).— Այո, ձեր կյանքը զարմանալի է։

ՖԵԴՅԱ.— Չէ, ամենահասարակը։ Չէ՞ որ մեր շրջանում, այնտեղ, ուր ծնվել եմ ես, երեք ընտրություն կա, երեքը

  1. Տեսակցություն։