Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն․— ծառայել, փող դիզել, ավելացնել այն ապականությունը, որի մեջ ապրում ես։ Այդ բանը զզվելի էր ինձ համար. գուցե և չէի կարողանում այդպես անել, բայց գլխավորապես զզվելի էր։ Երկրորդ,— ոչնչացնել այդ ապականությունը. սրա համար պետք է հերոս լինել, իսկ ես հերոս չեմ։ Կամ երրորդը — թմրել, խմել, քեֆ անել, երգել,— հենց այս էլ անում էի ես։ Եվ ահա՛ այս տեղը հասա... (Խմում է)։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Լավ, իսկ ընտանեկան կյա՞նքը։ Ես երջանիկ կլինեի, եթե կին ունենայի։ Ինձ կինս կործանեց։

ՖԵԴՅԱ.— Ընտանեկան կյա՞նքը։ Հա՛։ Իմ կինը իդեալական կին էր։ Նա հիմա էլ կենդանի է։ Բայց ի՞նչ ասեմ։ Չամիչ չկար։ Գիտե՞ս, կվասի միջի չամիչը։ Խաղ չկար մեր կյանքի մեջ։ Իսկ ինձ հարկավոր էր ինքնամոռացություն։ Իսկ առանց խաղի չես կարող ինքդ քեզ մոռանալ։ Եվ ապա սկսեցի անպիտանություններ անել։ Իսկ դու խո գիտես, մարդկանց մենք սիրում ենք ա՛յն բարիքի համար, որ մենք ենք արել նրանց, և չենք սիրում ա՛յն չարիքի համար, որ մենք ենք արել նրանց։ Իսկ ես կնոջս դեմ չարիք եմ գործել։ Նա կարծես թե սիրում էր ինձ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ինչո՞ւ եք ասում՝ կարծես թե։

ՖԵԴՅԱ.— Նրա՛ համար եմ ասում, որ նրա մեջ երբեք չի եղել ա՛յն, որ նա հոգուս մեջ մտներ, ինչպես Մաշան։ Էհ, բանն այդ չէ։ Նա հղի էր կամ երեխին ծիծ էր տալիս, իսկ ես կորչում էի և տուն էի դառնում հարբած։ Իհարկե, հենց այս բանի համար էլ քանի գնում, այնքան քիչ էի սիրում նրան։ Այո՛, այո՛։ (Խանդավառվում է): Այ, հենց այս րոպեիս մտքովս անցավ.— հենց նրա՛ համար էլ սիրում եմ Մաշային, որ նրան բարիք եմ արել, և ոչ թե չարիք։ Դրա՛ համար եմ սիրում։ Իսկ կնոջս տանջում էի նրա՛ համար, որ... և ոչ թե չէի սիրում... Բայց ոչ, պարզապես չէի սիրում։ Խանդում էի — այո՛, բայց այդ էլ անցավ։