Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 2

Նույնք և Արտեմիև։ Մոտենում է Արտեմիևը կոկարդով, ներկած բեղերով, նորոգած հին հագուստով:

ԱՐՏԵՄԻԵՎ.— Բարի ախորժակ (գլուխ է տալիս Ֆեդյային): Ծանոթացել եք արտիստի, նկարչի հետ։

ՖԵԴՅԱ (սառն).— Այո՛, մենք ծանոթ ենք։

ԱՐՏԵՄԻԵՎ (Պետուշկովին).— Հը՛, պատկերը վերջացրի՞ր։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Չէ, գլուխ չեկավ։

ԱՐՏԵՄԻԵՎ (նստում է).— Ես ձեզ չե՞մ խանգարում։

(Ֆեդյան և Պետուշկովը լռում են):

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ֆեոդոր Վասիլևիչը պատմում է իր կյանքից։

ԱՐՏԵՄԻԵՎ.— Գաղտնիքնե՞ր։ Ուրեմն չխանգարեմ ձեզ, շարունակեցեք։ Շատ էլ պետքս չեք։ Խոզեր։ (Հեռանում է դեպի հարևան սեղանը և գարեջուր է պահանջում: Ամբողջ ժամանակ ականջ է դնում Ֆեդյայի և Պետուշկովի խոսակցությանը, թեքվելով նրանց կողմը):

ՖԵԴՅԱ.— Չեմ սիրում այդ պարոնին։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Նեղացավ։

ՖԵԴՅԱ.— Էհ, աստված նրա հետ։ Չեմ կարող։ Հենց որ այդպիսի մարդ է գալիս նստում մոտս, էլ խոսել չեմ կարողանում։ Այ, ձեզ հետ հաճությամբ կնստեմ զրույց կանեմ։ Հա՛, ի՞նչ էի ասում։

ՊԵՏՈԻՇԿՈՎ.— Ասում էիք, որ խանդում էիք։ Բայց ի՞նչպես եղավ, որ բաժանվեցիք ձեր կնոջից։

ՖԵԴՅԱ.— Ա՜խ։ (Մտախոհության մեջ է ընկնում): Այս զարմանայի պատմություն է։ Կինս ամուսնացած է։

ՊԵՏՈԻՇԿՈՎ.— Այդ ի՞նչպես։ Ապահարզա՞ն։

ՖԵԴՅԱ.— Ոչ։ (Ժպտում է): Նա այրիացավ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Այսինքն, ի՞նչպես թե...

ՖԵԴՅԱ.— Այնպես, այրիացավ։ Չէ՞ որ ես չկամ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ի՞նչպես թե չկաք։

ՖԵԴՅԱ.— Չկամ, էլի։ Ես դիակ եմ։ Այո՛։ (Արտեմիևը թեքվում է, ականջ է դնում): Գիտեք... Ձեզ կարող եմ ասել։