Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս վաղուցվա բան է, և իմ իսկական ազգանունս էլ չգիտեք։ Բանն այսպես էր, երբ որ բոլորովին չարչարեցի կնոջս, կերա պրծա ամեն բան, ինչ որ կարող էի, և անտանելի դարձա, նրան հովանավորող դուրս եկավ։ Մի՛ կարծեք, թե որևէ կեղտոտ, վատ բան կար,— ո՛չ, հենց իմ ընկերն էր և լավ, լավ մարդ էր, միայն ամեն բանում ուղղակի իմ հակապատկերը։ Եվ որովհետև իմ մեջ ավելի շատ վատ, քան լավ բան կա, ուստի և նա լավ, շատ լավ մարդ էր և ազնիվ, հաստատակամ, ժուժկալ և պարզապես առաքինի։ Կնոջս նա ճանաչում էր մանկությունից, սիրում էր նրան և հետո, երբ կինս ամուսնացավ ինձ հետ, հաշտվեց իր վիճակի հետ։ Բայց հետո, երբ ես զզվելի դարձա, սկսեցի տանջել կնոջս, նա սկսել էր հաճախակի գալ մեր տուն։ Ես ինքս էլ էի ուզում այդ։ Եվ նրանք սիրեցին իրար, իսկ ես այդ ժամանակ բոլորովին խենթացել էի և ինքս թողեցի կնոջս։ Իսկ մյուս կողմից էլ Մաշան էր խելքահան արել ինձ։ Ես ինքս առաջարկեցի նրանց, որ ամուսնանան։ Չէին ուզում։ Բայց ես ավելի ու ավելի անտանելի էի դառնում, և բանը վերջացավ նրանով, որ․․․

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ինչպես միշտ...

ՖԵԴՅԱ.— Ոչ։ Ես հավատացած եմ և գիտեմ, որ նրանք մաքուր էին մնացել։ Նա բարեպաշտ մարդ էր, ամուսնությունն առանց պսակի մեղք էր համարում։ Սկսեցին ապահարզան պահանջել, պահանջում էին, որ համաձայնեմ։ Պետք է հանցանքն ինձ վրա առնեի։ Պետք է այդ բոլոր ստությունը... Եվ ես չկարողացա։ Կհավատա՞ք, ես ավելի հեշտությամբ անձնասպան կլինեի, քան թե սուտ կասեի։ Եվ ուզում էի արդեն վերջ տալ կյանքիս։ Բայց մի բարի հոգի ասաց՝ ինչո՞ւ։ Եվ ամեն բան սարքեց։ Հրաժեշտի նամակ ուղարկեցի, իսկ հետևյալ օրը գետափին գտան իմ հագուստը և թղթապանակը, նամակներ։ Լողալ չգիտեմ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Իսկ մարմի՞նը. չգտան, չէ՞։

ՖԵԴՅԱ.— Գտան, երևակայեցեք,— մի շաբաթ հետո գտել են մի ինչ-որ մարմին։ Կնոջս կանչել են, որ տեսնի։ Քայքայված մարմին։ Կինս նայել է։ Նա՞ է։ Նա է։ Այդպես էլ մնաց։ Ինձ թաղեցին, իսկ նրանք ամուսնացան և ապրում են այստեղ ու բարոր վիճակի մեջ են։ Իսկ ես,— ահա՛ ես։