Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օվկիանը նորից դուրս ձգեց նորան
Յուր ալիքների միջից փրփրան։
Մնչում է սաստիկ կատաղի օվկիան,
Խաղցնելով նավը տաշեղի նման...
Նավահանգիստը հեռի չէր նորանից —
Եվ նավը ուժը ժողովեց նորից։ —
Նա ճեղքեց ալիք, հառաջ սլացավ,
Եվ նավահանգիստ հաղթությամբ հասավ։

27 մարտի 1886.


* * *

Ես մեզ — մարդկանց վրա շատ եմ զարմանում.
Թե՛ վաճառքի մեջ, թե՛ ուտել-խմելում,
Մի խոսքով,— ամեն մի քայլափոխում
Միշտ և անդադար լավն ենք պահանջում,
Հապա է՞ր ինքներս մեզ լավ չենք պահում։

28 մարտի 1886.

* * *

Ես կըցանկանայի, որ լիներ գարուն,
Լիներ պարզ երկինք և պայծառ լուսին
Եվ անթիվ աստղեր պսպղուն, կայտռուն
Խավար գիշերին կյանք և լույս տային։

Եվ առանձնացած կանաչ պարտիզում՝
Քո կողքին մենակ լինեի նստած
Եվ քո խանդակաթ, սիրավառ գրկում,
Ինչպես եդեմում, լինեի հանգչած։

Եվ գիշերային զեփյուռը միայն
Հուշ ածեր սիրո մեր շշնջյունին,
Եվ այն երկնային զարդերը անձայն
Երկուսիս սիրույն վկա լինեին։