Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավիրել էր ձեզ, որ դիակը տեսնեք, այդ ի՞նչպես է եղել, որ ասել եք, թե ձեր ամուսնու դիակն է։

ԼԻԶԱ․— Ես այնքան հուզված էի այն ժամանակ, որ չնայեցի դիակին, և այնպես համոզված էի, թե նա է, որ, երբ հարցրին, պատասխանեցի, թե կարծում եմ, որ նա է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այո, դուք չեք նայել հուզված լինելուց, որ շատ հասկանալի է։ Լավ։ Իսկ ինչո՞ւ, թույլ տվեք իմանալ, դուք ամեն ամիս փող էիք ուղարկում Սարատով, հենց այն քաղաքը, ուր ապրում էր ձեր առաջին ամուսինը։

ԼԻԶԱ․— Այդ փողն ուղարկում էր իմ ամուսինը։ Եվ ես չեմ կարող ասել, թե ում էր ուղարկում, որովհետև այդ իմ գաղտնիքը չէ։ Միայն թե այդ փողը Ֆեոդոր Վասիլևիչին չէր ուղարկվում։ Մենք հաստատ համոզված էինք, որ նա չկա։ Այս ես կարող եմ ձեզ հաստատապես ասել։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Շատ լավ։ Մի բան թույլ տվեք նկատեմ, տիկին, որ մենք օրենքի ծառաներն ենք, բայց այդ չի խանգարում մեզ, որ մարդ լինենք։ Եվ հավատացեք, ես կատարելապես հասկանում եմ ձեր դրությունը և ցավակցում եմ ձեզ։ Դուք կապված եք եղել մի մարդու հետ, որ վատնում էր իր կարողությունը, անհավատարիմ է եղել ձեզ, մի խոսքով՝ դժբախտացրել է...

ԼԻԶԱ․— Ես սիրում էի նրան։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այո, բայց և այնպես բնական է, որ դուք կամեցել եք ազատվել նրանից և ընտրել եք այդ ավելի հասարակ ճանապարհը, առանց մտածելու, որ դրանից կարող է ծագել այն, ինչ որ հանցագործություն է համարվում, այսինքն երկամուսնություն,— այդ ես էլ եմ հասկանում։ Եվ երդվյալները կհասկանան այդ։ Ուստի և ձեզ խորհուրդ կտայի, որ ամեն բան հայտնեք։

ԼԻԶԱ․— Ես ոչինչ չունեմ հայտնելու։ Ես երբեք սուտ չեմ ասել։ (Լալիս է)։ Այլևս պետք չե՞մ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ես ձեզ կխնդրեի դեռևս մնայիք այստեղ։ Այլևս չեմ անհանգստացնի ձեզ հարցումներով։ Միայն համեցեք կարդացեք և ստորագրեցեք։ Ահավասիկ հարցաքննությունը։ Ճի՞շտ են արդյոք արտահայտված ձեր