Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանները։ Խնդրեմ, համեցեք այստեղ (ցույց է տալիս պատուհանի մոտ դրված բազկաթոռը): (Գործավարին): Ներս հրավիրեցեք պ. Կարենինին։

ՏԵՍԻԼ 3

Դատական քննիչ, գործավար, Լիզա: Մտնում է Կարենինը խստադեմ, հանդիսավորապես:

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Խոնարհաբար խնդրում եմ։

ԿԱՐԵՆԻՆ.— Շնորհակալ եմ։ (Կանգնած է)։ Ի՞նչ էիք կամենում։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ես պարտավոր եմ հարցաքննել։

ԿԱՐԵՆԻՆ.— Իբրև ի՞նչ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ (ժպտալով).— Ես՝ իբրև դատական քննիչ, իսկ ձեզ պիտի հարցաքննեմ իբրև մեղադրյալի։

ԿԱՐԵՆԻՆ.— Հա-ա՞։ Իսկ ի՞նչ բանի համար եմ մեղադրվում։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ամուսնացած կնոջ հետ ամուսնանալու համար։ Սակայն թույլ տվեք կարգով հարցնեմ։ Նստեցեք։

ԿԱՐԵՆԻՆ.— Շնորհակալ եմ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ձեր անո՞ւնը։

ԿԱՐԵՆԻՆ.— Վիկտոր Կարենին։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Կոչո՞ւմը։

ԿԱՐԵՆԻՆ.— Կամերհեր, իսկական պետական խորհրդական։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Տարի՞քը։

ԿԱՐԵՆԻՆ․— 38։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Դավանությո՞ւնը։

ԿԱՐԵՆԻՆ.— Ուղղափառ, դատի և նախնական քննության տակ չեմ եղեր։ Ուրի՞շ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ձեզ հայտնի՞ էր արդյոք, որ Ֆեոդոր Վասիլևիչ Պրոտասովը կենդանի է, երբ ամուսնացաք նրա կնոջ հետ։

ԿԱՐԵՆԻՆ.— Հայտնի չէր։ Մենք երկուսս էլ համոզված էինք, որ նա խեղդվել է։