Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ո՞ւմ էիք փող ուղարկում Սարատով Պրոտասովի մահվան սուտ տեղեկությունից հետո։

ԿԱՐԵՆԻՆ.— Ես չեմ կամենում պատասխանել այդ հարցին։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Շատ լավ։ Ի՞նչ նպատակով էիք 1200 ռ. փող ուղարկել պ․ Պրոտասովին հուլիսի 17-ին նրա սուտ մահվանից առաջ։

ԿԱՐԵՆԻՆ.— Այդ փողն ինձ հանձնել էր իմ կինը։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Տիկին Պրոտա՞սովան։

ԿԱՐԵՆԻՆ.— Իմ կինը՝ իր ամուսնուն ուղարկելու համար։ Այդ փողը կինս նրա սեփականությունն էր համարում և, նրա հետ ունեցած կապը կտրելուց հետո, անարդար բան էր համարում իր մոտ պահել։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այժմ մի հարց ևս․ ինչո՞ւ դուք դադարեցրել էիք ապահարզանի գործը։

ԿԱՐԵՆԻՆ․— Որովհետև Ֆեոդոր Վասիլևիչն ինքն էր հանձն առել այդ գործը գլուխ բերել և գրել էր ինձ այդ մասին։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ձեզ մոտ կա՞ այդ նամակը։

ԿԱՐԵՆԻՆ.— Նամակը կորած է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ի՜նչքան տարօրինակ է, որ կորած է և բացակայում է այն ամենը, ինչ որ կարող էր արդարադատությանը համոզել, որ ձեր ցուցումները ճշմարիտ են։

ԿԱՐԵՆԻՆ.— Ուզո՞ւմ եք ուրիշ որևէ բան իմանալ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ես ոչինչ չեմ ուզում, բացի պարտականությունս կատարելուց, իսկ դուք պիտի ուզեք, որ արդարանաք, և ես այս րոպեին խորհուրդ էի տալիս տիկին Պրոտասովային, և ձեզ էլ խորհուրդ կտայի չծածկել ա՛յն, ինչ որ ակներև է, այլ պատմել ամեն բան, ինչպես որ եղել է։ Մանավանդ, որ պ. Պրոտասովն այնպիսի դրության մեջ է, որ հայտնել է ամեն բան այնպես, ինչպես որ եղել է, և, հավանաբար, դատարանումն էլ նույնը կասի։ Ես խորհուրդ կտայի...

ԿԱՐԵՆԻՆ․— Ես կխնդրեի ձեզ, որ մնայիք ձեր պարտականությունների կատարման շրջանակում, իսկ խորհուրդները թողնեիք։ Կարո՞ղ ենք գնալ։ (Մոտենում է Լիզային. վեր է կենում և առնում է նրա ձեռքը)։