Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ձեր կնոջը, որ դուք կենդանի եք, երբ ձեր հագուստը թողել էիք գետափին և ինքներդ անհայտացել։

ՖԵԴՅԱ․— Անշուշտ ոչ։ Ես ուզում էի իսկապես սպանել ինձ, բայց հետո... դե, այս հարկավոր չէ պատմել։ Բանն այն է, որ սրանք ոչինչ չգիտեին։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Բայց ի՞նչպես է, որ ոստիկանական պաշտոնյային ուրիշ բան եք ասել։

ՖԵԴՅԱ․— Ո՞ր ոստիկանական պաշտոնյային։ Հա՛, երբ որ նա եկավ ինձ մոտ Ռժանովի տո՞ւնը։ Ես արբած էի և սուտ-սուտ բաներ էի ասում, թե ի՛նչ — չեմ հիշում։ Այդ բոլորը հիմարություն է։ Այժմ ես արբած չեմ և ասում եմ բոլոր ճշմարտությունը։ Սրանք ոչինչ չգիտեին։ Հավատում էին, որ ես չկամ։ Եվ ես ուրախ էի այդ բանի համար։ Եվ այս այսպես էլ կմնար, եթե սրիկա Արտեմիևը չլիներ։ Եվ եթե կա մեկը, որ մեղավոր է, այդ ես եմ միայն։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք մեծահոգի լինել, բայց օրենքը ճշմարտություն է պահանջում։ Ինչո՞ւ էր ձեզ փող ուղարկված։

ՖԵԴՅԱ (լռում է):

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Դուք, Սարատով ձեզ ուղարկված փողը ստացել եք Սիմոնովի միջոցով։

ՖԵԴՅԱ (լռում է):

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ինչո՞ւ չեք պատասխանում։ Արձանագրության մեջ կգրվի, որ այս հարցերին մեղադրյալը չպատասխանեց, և այդ կարող է վնասել ձեզ էլ, սրանց էլ։ Ուրեմն ի՞նչ կասեք։

ՖԵԴՅԱ (լռում է և հետո).— Ախ, պարո՛ն քննիչ, ի՞նչպես չեք ամաչում։ Դե, ի՞նչ եք ներս խցկվում ուրիշի կյանքը։ Ուրախ եք, որ իշխանություն ունիք, և որպեսզի ցույց տաք այդ իշխանությունը, տանջում եք, ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես այնպիսի մարդկանց, որոնք հազար անգամ լավ են ձեզնից։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Խնդրում եմ ձեզ...

ՖԵԴՅԱ.— Հարկ չկա խնդրելու։ Կասեմ ամենը, ինչ որ մտածում եմ։ Իսկ դուք գրեցեք (գործավարին): Գոնե առաջին անգամ արձանագրության մեջ խելացի, մարդկային խոսքեր կլինեն (բարձրացնում է ձայնը):— Ապրում ենք