Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ մասին։ Եվ որքան ցավեցի, իմ աղավնյակ, որ ձեր սիրուն դեմքը չկարողացա լավ տեսնել։ Կար ժամանակ, որ մենք էլ պարզ էինք տեսնում, ջանիկս։ Է՜հ, ծերությունն էլ մի բան չէ, բալիկս։ Ահա հիմա էլ աչքերիս շարունակ մի տեսակ մութ է կապում. երեկոյան, որ մի քիչ շատ եմ աշխատում, որևէ բան գրում, տեսնում եմ՝ առավոտյան աչքերս կարմրել են և ջրակալել, այնպես որ մինչև անգամ ամաչում եմ ուրիշների առջև։ Բայց և այնպես, երևակայությանս մեջ ցոլաց ձեր ժպիտը, իմ հրեշտակ, ձեր բարի, սիրալիր ժպիտն ու սրտիս մեջ ճիշտ այնպիսի զգացողություն կար, ինչպիսին այն ժամանակ, երբ ես համբուրեցի ձեզ, Վարինկա,— հիշո՞ւմ եք արդյոք, իմ հրեշտակ։ Գիտե՞ք, իմ աղավնյակ, ինձ նույնիսկ թվաց, թե դուք մատ թափ տվիք ինձ վրա։ Այդպե՞ս է, թե ոչ, չարաճճի։ Այս բոլորն անպատճառ մանրամասնորեն նկարագրեք ձեր նամակի մեջ։

Իսկ ի՞նչպես եք հավանում, Վարինկա, իմ մտահղացումը ձեր վարագույրի մասին։ Շատ լավ է, չէ՞։ Աշխատանքի եմ նստած, թե պառկում եմ քնելու կամ քնից զարթնում՝ գիտեմ արդեն, որ դուք էլ մտածում եք իմ մասին, հիշում եք ինձ և ինքներդ էլ առողջ եք և ուրախ: Վարագույրը որ իջեցնում եք նշանակում է՝ բարի գիշեր, Մակար Ալեքսեևիչ, ժամանակ է քնելու։ Իսկ որ բարձրացնում եք, նշանակում է՝ բարի լույս, Մակար Ալեքսեևիչ, լա՞վ քնեցիք կամ՝ ինչպես է ձեր առողջությունը, Մակար Ալեքսեևիչ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, Մակար Ալեքսեևիչիս, ես, փառք ստեղծողին, առողջ եմ և լավ։ Տեսնո՞ւմ եք, հոգյակս, ինչպիսի ճարպիկ, խորամանկ մտահղացում է. էլ նամակներ բնավ պետք չեն, այնպես չէ՞։ Եվ մտահղացողն ե՜ս եմ, է՜, ե՜ս։ Հը՜, ո՞նց եմ ես այսպիսի բաներում, Վարվառա Ալեքսեևնա։

Ասեմ ձեզ, ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա, որ այս գիշեր, հակառակ սպասածիս, քնած էի փառավորապես, որով և շատ գոհ եմ, թեև նոր բնակարանում, նոր տեղափոխված ժամանակ, մարդ կարգին չի կարողանում քնել: Այս առավոտ վերկացա կայտառ, ուրախ տրամադրության մեջ։ Այս ի՜նչ լավ առավոտ է այսօր, ջանիկս։ Մեզանում բաց են արել պատուհանը, արևը շողշողում է, ծտերը ծլվլում են, օդը գարուն է բուրում և ամբողջ բնությունը կենդանանում է.