Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դե բոլոր մնացածն էլ նույնպես համապատասխան էր, ամեն ինչ կարգին, ինչպես վայել է գարնանը։ Այսօր ես մինչև անգամ բավական հաճելի ցնորքներ ունեցա և ցնորքներս միշտ ձեր մասին էին, Վարինկա։ Համեմատում էի ես ձեզ երկնքի թռչնակի հետ, որ ստեղծված է մարդկանց հաճույքի և բնությունը զարդարելու համար։ Միաժամանակ ես մտածեցի, Վարինկա, որ մենք էլ, հոգսերի և հուզումների մեջ ապրող մարդիկս, պետք է նույնպես նախանձենք երկնային թռչունների անհոգ ու անմեղ բախտավորությանը,— դե մնացածն էլ բոլորն այսպիսի և սրա նման բաներ, այսինքն՝ ես միշտ այսպիսի հեռավոր համեմատություններ էի անում։ Ես մի գրքույկ ունեմ, Վարինկա, նրա մեջ էլ նույնն է, բոլոր այսպիսի բաները խիստ մանրամասն կերպով նկարագրված են։ Ասելս այն է, որ չէ՞ որ ցնորքները զանազան տեսակ են լինում, ջանի՛կս։ Ա՜յ, հիմա գարուն է, ուստի մտքերն էլ բոլորն այնպիսի հաճելի, սուր, ճարպիկ և ցնորքները քնքուշ են լինում, բոլորը վարդագույն։ Հենց այդ բանի համար էլ գրեցի այս բոլորը. ասենք՝ այս բոլորը ես վերցրի գրքույկից։ Այնտեղ հեղինակը նույնպիսի ցանկություն է դրսևորում ոտանավորների մեջ և գրում է —

Ինչո՞ւ ես թռչուն չեմ, գիշակեր թռչուն։

Եվ այլն։ Այնտեղ ուրիշ զանազան մտքեր էլ կան, բայց աստված նրանց հետ։ Ա՜յ, դուք ինձ այս ասեք, այս առավոտ այդ ո՞ւր էիք գնում, Վարվառա Ալեքսեևնա։ Ես ծառայության գնալու դեռ չէի էլ պատրաստվել, իսկ դուք արդեն՝ ի՛սկապես որ գարնանային թռչնակի պես դուրս թռաք սենյակից և անցաք բակով այնքա՜ն ուրախ։ Ինչպե՜ս ուրախ էի ես, որ նայում էի ձեզ։ Ա՜խ, Վարինկա, Վարինկա, մի՛ տխրեք, արցունքը դարդին դարման չէ. այդ ես գիտեմ, ջանիկս, այդ ես փորձովս գիտեմ։ Իսկ այժմ դուք այնպե՜ս հանգստացել եք, մի քիչ էլ ապաքինվել եք հիվանդությունից։ Հա, ի՞նչ է անում ձեր Ֆեդորան։ Ախ, ի՜նչ բարի կին է նա։ Դուք, Վարինկա, գրեցեք ինձ՝ ի՞նչպես եք ապրում այժմ նրա հետ և գո՞հ եք արդյոք ամեն բանից։ Ֆեդորան մի քիչ քրթմնջող է, բայց դուք մի նայեք դրան, Վարինկա։ Աստված նրա հետ։ Նա այնքա՜ն բարի է։