Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շտատից դուրս, ընդարձակ, հարմար, պատուհան էլ կա և ամեն բան,— մի խոսքով՝ բոլոր հարմարությունները։ Ահա այս է իմ անկյունը։ Մի մտածեք, ջանիկս, թե այստեղ որևէ ուրիշ բան և խորհրդավոր իմաստ լիներ, թե ահա, իբր թե, խոհանոց է, այսինքն՝ ես գուցե և հենց այս սենյակում միջնորմի հետևն եմ կենում, բայց այդ վնաս չունի, ես ինձ համար ամենքից առանձին եմ ապրում, ականջս դինջ։ Դրել եմ ինձ համար մահճակալ, սեղան, կամոդ, մի զույգ աթոռ, սրբի պատկեր եմ կախել։ Ճիշտ է՝ կան սրանից էլ լավ բնակարաններ, գուցե ավելի լավերն էլ կան, բայց հարմարությունն է գլխավորը. չէ՞ որ ես այս բոլորը հարմարության համար եմ արել, և դուք մի՛ կարծեք, թե ուրիշ որևէ բանի համար։ Ձեր պատուհանը դիմացս է, բակով բաժանված. բակն էլ նեղլիկ է, ձեզ թռուցիկ կերպով եմ տեսնում և ուրախանում իմ խեղճ ու կրակ մենակությանս մեջ, համ էլ էժան է։ Մեզանում, այստեղ, ամենահետին սենյակը՝ ճաշով արժե 35 ռուբլի ասիգնացիայով։ Գրպանիս չի գալիս։ Իսկ իմ բնակարանն արժե յոթ ռուբ. ասիգնացիայով, ճաշն էլ հինգ ռուբլի արծաթ, բոլորը 24 ու կես, իսկ առաջ ուղիղ 30 էի վճարում և դրա փոխարեն շատ բանից զրկում էի ինձ. թեյ խմում էի ոչ միշտ, իսկ հիմա ահա թե՛ թեյի և թե՛ շաքարի փող եմ ետ գցել։ Գիտեք, ջանիկս, թեյ չխմելը մի տեսակ ամոթ է. այստեղ բոլորն էլ ունևոր մարդիկ են, այնպես որ՝ ամոթ է։ Ուրիշների աչքին երևալու համար է որ խմում եմ, Վարինկա, երևալու, տոնը պահպանելու համար, իսկ ինձ որ մնա — մեկ է ինձ համար, ես քմահաճ չեմ։ Գցեք այսպես, գրպանի փող ինչքան որ պահանջվում է — ասենք կոշիկների համար, վերարկուի համար, տակը շա՞տ բան կմնա։ Ահա և իմ ամբողջ ռոճիկը։ Ես չեմ էլ տրտնջում և գոհ եմ։ Ռոճիկս բավական է։ Ահա արդեն մի քանի տարի բավական է. պարգևներ էլ լինում են։— Դե, մնաք բարով, իմ հրեշտակիկս։ Ես ձեզ համար գնեցի մի զույգ ծաղկաման, մեկի մեջ՝ հինածաղիկ, մյուսի մեջ՝ խորդենի։ Թանկ չէր։ Իսկ դուք, գուցե, հափրուկ էլ եք սիրում։ Հափրուկ էլ կա, դուք գրեցեք, բայց գիտե՞ք որքան կարելի է ամեն ինչ մանրամասն գրեցեք։ Ասենք՝ դուք ուրիշ բան չկարծեք և չկասկածեք, ջանիկս, իմ մասին, որ ես այսպիսի սենյակ