Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա։ Գիտեմ, որ սիրում եք ինձ, բայց ինքներդ հարուստ չեք ա՜խր... Այսօր ես էլ ուրախ վեր կացա։ Այնպես լա՜վ էի զգում ինձ. Ֆեդորան վաղուց արդեն աշխատում էր և ինձ համար էլ աշխատանք գտավ։ Այնպե՜ս ուրախացա, գնացի միայն մետաքս գնելու և նստեցի գործի։ Ամբողջ առավոտը այնպիսի մի թեթևություն էր տիրում հոգուս, այնպե՜ս ուրախ էի: Իսկ այժմ նորից շարունակ սև մտքեր, տխուր եմ. շարունակ սիրտս նվում է։

Ախ, ի՞նչ պիտի պատահի ինձ, ի՞նչ պիտի լինի վիճակս։ Ծանրն այն է, որ ես այսպիսի անհայտության մեջ եմ, որ ես ապագա չունեմ, որ ես նախագուշակել էլ չեմ կարող, թե ինչ կպատահի ինձ։ Ետ նայելն էլ սարսափելի է։ Այնտեղ ամեն ինչ այնքան ցավագին է, որ սիրտս կտոր-կտոր է լինում լոկ հիշողությունից։ Հավիտյանս պիտի լամ այն չար մարդկանց վրա, որոնք կործանեցին ինձ։

Մթնում է։ Ժամանակ է գործի նստելու։ Շատ բաների մասին կուզեի գրել ձեզ, բայց ժամանակ չկա, գործս ժամանակին պիտի հասցնեմ։ Պետք է շտապեմ։ Իհարկե, նամակները լավ բան են, մարդ այնքան էլ տխուր չի լինում։ Իսկ ինչո՞ւ դուք ինքներդ երբեք չեք գալիս մեզ մոտ։ Ինչո՞ւ, է՜, Մակար Ալեքսեևիչ։ Չէ՞ որ այժմ մոտիկ եք ապրում, երբեմն էլ ազատ ժամանակ եք ունենում։ Մտեք, խնդրեմ։ Տեսա ձեր Թերեզային։ Այնպես հիվանդ է, կարծես։ Մեղքս եկավ, 20 կոպեկ տվի։ Հա, քիչ մնաց մոռանայի, անպատճառ գրեցեք ամեն բան, որքան կարելի է մանրամասն, թե ի՛նչ եք անում, ի՛նչ չեք անում, ի՛նչպես եք ապրում։ Ի՞նչ մարդիկ են ձեր շուրջը, և հա՞շտ եք ապրում նրանց հետ։ Ես շատ եմ ուզում այս բոլորն իմանալ։ Տեսեք, անպատճառ գրեցեք։ Այսօր ես արդեն դիտմամբ վարագույրի անկյունը կծալեմ։ Վաղ պառկեցեք. ես մինչև կես գիշեր ճրագ էի տեսնում ձեզ մոտ։ Դե, մնաք բարով։ Այսօրվա օրը մթնեցնում եմ թախծալի, ձանձրալի, տխուր։ Երևի օրն է այդպես։ Մնաք բարով։

Ձեր
Վարվառա Դոբրոսելովա