Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ապրիլ 8

Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Այո՛, ջանիկս, այո, բալիկս, իմ խեղճ ու կրակ բախտիցս երևի այսպիսի օր պիտի լուսանար ինձ համար։ Այո՛, ծաղրի առարկա դարձրիք ինձ, ծերուկիս, Վարվառա Ալեքսեևնա։ Ասենք՝ ինքս եմ մեղավոր, գլխովին մեղավոր։ Ինչո՞ւ էի ծեր հասակումս գլխիս մի փունջ մազով սիրաբանությունների մեջ մտնում... Ձեզ ա՛յս էլ ասեմ, ջանիկս, մարդս երբեմն զարմանալի արարած է, շատ զարմանալի։ Ո՜ւ, տե՛ր իմ աստված, ինչե՜ր չի ասում, ինչե՜ր չի դուրս տալիս երբեմն։ Եվ ի՞նչ է դուրս գալիս, ի՞նչ է հետևում սրանից։ Բոլորովին էլ ոչինչ չի հետևում, այլ դուրս է գալիս այնպիսի մի անպետք բան, որ տերը փրկի ու ազատի։ Ես, ջանիկս, ես չեմ բարկանում, այլ միայն ջիգրս շատ է գալիս, որ հիշում եմ այդ մասին, ջիգրս գալիս է, որ ես գրել եմ ձեզ այդպես պատկերավոր և հիմար կերպով։ Ու այսօր էլ պաշտոնիս գնացի այնքա՜ն ուրախ ու կայտառ, սրտումս կարծես վարդ էր բացվել։ Եռանդով առաջ քաշեցի թղթերս, բայց հետո ի՛նչ դուրս եկավ սրանից։ Հետո միայն, որ նայեցի շուրջս, ամեն ինչ դարձավ առաջվանը — տխուր ու մութ։ Միշտ միևնույն թանաքի բծերը, միշտ միևնույն սեղաններն ու թղթերը, ես ինքս էլ միշտ միևնույնը, բոլորովին այնպես, ինչպես որ կայի,— ուրեմն էլ ինչո՞ւ էի հեծնել Պեգասին ու քշում։ Եվ որտեղից էր այս բոլորը։ Որ արևը շողշողում էր, որ երկինքը լազուր էր կապել, սրանի՞ց է արդյոք։ Ու այդ ի՞նչ բուրմունքներ են, երբ մեր բակում պատուհանների տակ ինչ ասես չի պատահում: Ուրեմն պետք է կարծել, որ այս բոլորն ինձ հիմարությունից է թվացել։ Չէ՞ որ պատահում է, որ մարդ երբեմն մոլորվում է իր սեփական զգացումների մեջ և հիմարություններ է դուրս տալիս։ Այս ուրիշ բանից չի պատահում, եթե ոչ սրտի ավելորդ հիմար ջերմությունից։ Տուն չեկա, այլ քարշ ընկա. չեմ իմանում ինչու, գլուխս ցավում էր (մեջքս էի սառեցրել, թե ինչ)։ Հիմարաբար ուրախացել էի, որ գարունը բացվել էր, և թեթև վերարկուով էի գնացել։ Եվ իմ զգացմունքների մասին դուք սխալվել եք, բալիկս։ Նրանց զեղումը բոլորովին ուրիշ կողմն