Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եք ընդունել։ Հայրական զգացումն է ինձ ոգևորել, միմիայն հայրական մաքուր զգացումը, Վարվառա Ալեքսեևնա, որովհետև ես ձեր հարազատ հոր տեղն եմ բռնում ձեր դառն որբության պատճառով, այս հոգուս խորքիցն եմ ասում, մաքուր սրտով, իբրև ազգակից։ Ինչ էլ որ լինի, ես ձեզ հեռավոր ազգական եմ, բայց և այնպես ազգական եմ և այժմ՝ ամենամոտիկ ազգականն ու հովանավորը, որովհետև այնտեղ, ուր դուք ամենից ավելի իրավունք ունեիք հովանավորություն ու պաշտպանություն գտնելու, դավաճանություն ու վիրավորանք գտաք։ Իսկ ոտանավորների մասին կասեմ ձեզ, ջանիկս, որ ծերությանս հասակում վայել չէ ինձ ոտանավորներ կազմելով զբաղվելու։ Ոտանավորները դատարկ բաներ են։ Ոտանավորների համար դպրոցներումն էլ հիմա ծեծում են երեխաներին... ա՜յ թե ինչ, բալիկս։

Այդ ի՞նչ եք գրում ինձ, Վարվառա Ալեքսեևնա, հարմարությունների, հանգստության և զանազան բաների մասին։ Ջանիկս, ես քրթմնջող չեմ և ոչ էլ պահանջկոտ. երբեք սրանից լավ չեմ ապրել, ուրեմն էլ ինչո՞ւ ծեր հասակումս քմահաճություն անեմ։ Փորս կուշտ է, հագուստ էլ ունեմ, ոտնաման էլ. մեզ չի էլ սազի մեծ-մեծ բաների ետևից ընկնել։— Կոմսի ցեղից չե՜մ։— Ծնողս ազնվական ծագումից չէր և իր ամբողջ ընտանիքով ինձնից աղքատ էր եկամուտով։ Ես քնքուշ չեմ։ Ասենք, ճիշտը որ ասեմ, իմ հին բնակարանում ամեն բան անհամեմատ լավ էր. ազատ ու արձակ, ջանիկս։ Իհարկե, այժմյան բնակարանս էլ լավն է, նույնիսկ մի քանի կողմերով ավելի ուրախ է, եթե կուզեք, զանազանակերպ. այս բանի դեմ ոչինչ չեմ ասում, բայց և այնպես ափսոսում եմ հինը։ Մենք, ծերունիներս, այսինքն հասակավոր մարդիկս, կապվում ենք հին առարկաների հետ, որպես մի տեսակ հարազատ բաների հետ։ Բնակարանը, գիտեք, փոքր էր մի տեսակ, պատերը,— դե ինչ ասեմ,— պատերը պատեր էին, էլի, ինչպես բոլոր պատերը, բայց բանը պատերը չեն, այլ այն, որ հին բնակարանիս հետ կապված բոլոր բաների մասին հիշողությունը կարոտ է հարուցանում իմ մեջ... Տարօրինակ բան. ծանր է, բայց հիշողությունները կարծես թե հաճելի են։ Նույնիսկ ինչ որ վատ էր, ինչի վրա որ երբեմն զայրանամ էի, այդ էլ հիշողություններիս մեջ մի տեսակ