Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաքրվում է, կորցնում վատությունը և երևակայությանս առջև կանգնում գրավիչ տեսքով։ Խաղաղ էինք ապրում մենք, Վարինկա, ես ու իմ հանգուցյալ պառավ տանտիրուհին։ Ահա և իմ այդ պառավին տխուր զգացումով եմ հիշում այժմ։ Լավ կին էր և թանկ չէր առնում բնակարանիս համար։ Ճոթեղենի կտորներից զանազան վերմակներ էր գործում շարունակ արշինանոց ճաղերով. միայն դրանով էլ պարապում էր։ Ճրագներս մեկ էր, մի սեղանի վրա էլ աշխատում էինք։ Մի թոռնիկ ուներ, անունը Մաշա — դեռ իր մանկությունից եմ հիշում նրան, այժմ տասներեք տարեկան աղջիկ կլինի։ Այնքան չարաճճի էր, թռվռուն, շարունակ ծիծաղեցնում էր մեզ, այսպես ահա ապրում էինք երեքով։ Երբեմն, ձմեռային երկար գիշերներին, նստում էինք կլոր սեղանի շուրջը, թեյ էինք խմում, հետո գործի կենում։ Իսկ պառավը՝ որպեսզի Մաշան չձանձրանա և չարություններ չանի չարաճճին, սկսում էր հեքիաթներ պատմել։ Ու ի՜նչպիսի հեքիաթներ։ Ո՛չ միայն երեխան, բանիմաց և խելոք մարդն էլ կլսեր։ Ինչ եմ ասում, ես ինքս էլ երբեմն չիբուխս փստացնում և այնպիսի հետաքրքրությամբ էի լսում, որ գործս մոռանում էի։ Իսկ երեխան, մեր չարաճճին, մտածմունքի մեջ էր ընկնում, վարդագույն թուշը դնում էր ձեռքին, սիրունիկ բերանը բաց անում, ու հեքիաթը մի քիչ որ սարսափելի էր լինում, պինդ կպչում էր պառավին։ Իսկ մենք հիանում էինք նրան նայելով, ու չէինք նկատում, թե ինչպես մոմը հատնում էր, չէինք լսում, թե ինչպես դուրսը երբեմն քամին ոռնում էր, ձյունաբեր փոթորիկը շառաչում:— Լավ էինք ապրում Վարինկա. և ահա համարյա քսան տարի մենք ապրեցինք այսպես միասին։— Բայց ի՛նչ ես այսպես տակից գլխից դուրս տվի։ Ձեզ գուցե այսպիսի նյութը դուր չի գալիս. ասենք ինձ համար էլ այս հիշողությունն այնքան էլ թեթև չէ։ Մանավանդ այժմ մթնել է։ Թերեզան ինչ-որ բան է շինում, գլուխս ցավում է, մեջքս էլ ցավում է մի քիչ, մտքերս էլ ուրիշ տեսակ են, կարծես նրանք էլ են ցավում, տխուր եմ այսօր, Վարինկա, տխուր։— Այդ ի՞նչ եք գրում, բալիկս։ Ի՞նչպես թե գամ ձեզ մոտ, սիրելիս, ի՞նչ կասեն մարդիկ։ Չէ՞ որ պետք է բակովն անցնեմ, մերոնք կնկատեն, կսկսեն հարցուփորձ անել,− ասիկոսեներ, բամբասանքներ,