Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեյ խմել։ Մեզանում սամովարները տանտիրոջն են, մեծ մասամբ քիչ են, այնպես որ հերթ ենք պահում, իսկ ով որ հերթից դուրս իր թեյնոցով առաջ է խցկվում, իսկույն նրա գլխին տալիս են։ Ահա ես էլ առաջին անգամ ընկա... ասենք՝ չարժե գրել։ Այդտեղ էլ ամենքի հետ ծանոթացա։ Ամենից առաջ ծանոթացա Միչմանի հետ. անկեղծ մարդ է, ամեն ինչ պատմեց ինձ հոր մասին, մոր մասին, քրոջ մասին, որն ամուսնացած է Տուլայի դատական ատենակալի հետ, և Կրոնշտատ քաղաքի մասին։ Խոստացավ ինձ ամեն բանում հովանավորել և թեյի հրավիրեց ինձ իր մոտ։ Ես նրան գտա նույն այն սենյակում, ուր մեզնում սովորաբար թուղթ են խաղում։ Այնտեղ ինձ թեյ տվին և անպատճառ ուզում էին, որ ես ազարտ խաղի նստեմ իրենց հետ։ Ծիծաղում էին նրանք ինձ վրա, թե ինչ, չգիտեմ, միայն իրենք ամբողջ գիշերը մինչև լույս խաղում էին ու ես որ մտա, դարձյալ խաղում էին։ Կավիճ, խաղաթղթեր ու սենյակումն էլ այնպիսի ծուխ էր կանգնած, որ աչքերս այրեց։ Ես չուզեցի խաղալ, և իսկույն նկատեցին ինձ, որ ես փիլիսոփայության մասին եմ խոսում։ Հետո արդեն ամբողջ ժամանակ ինձ հետ ոչ ոք չխոսեց, ասենք ճիշտը որ ասեմ, ես ուրախ էի այդ բանի համար։ Այժմ չեմ գնա նրանց մոտ, ազարտ խաղի են նստած, զուտ ազարտ խաղի։ Ա՜յ, գրական մասի չինովնիկի մոտ էլ ժողովներ են լինում երեկոները։ Նրա մոտ լավ է, համեստ, անմեղ և քաղաքավարի, ամեն ինչ նուրբ։

Հիմա, Վարինկա, թռուցիկ կերպով կնկատեմ ձեզ դարձյալ, որ շատ անպիտան կին է մեր այս տանտիրուհին, ուղղակի վհուկ: Դուք տեսաք Թերեզային. դե՛, ի՞նչ է նա իսկապես: Լղար, կարծես փետրած, սատկած վառեկ լինի։ Տան մեջ ծառայողները ընդամենը երկու հոգի են — Թերեզան, մեկ էլ Ֆալդոնին, տան տիրուհու ծառան։ Ես չգիտեմ, գուցե նա ուրիշ որևէ անուն էլ ունի, միայն ամենքը նրան այդ անունով են կանչում։ Շեկ տղա է, շլդիկ, պաճո քթով, կոպիտ, շարունակ կռվում է Թերեզայի հետ, քիչ է մնում իրար թակեն։ Առհասարակ պետք է ասեմ, որ ինձ համար այստեղ ապրելը շատ էլ լավ չէ... Որ գիշերը միանգամից քնեմ և հանգստանամ, այս երբեք չի լինում: Շարունակ որևէ տեղ նստած թուղթ են խաղում, երբեմն էլ այնպիսի