Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էի այդ խեղճերի մասին, այնպես որ կարգին քնել չկարողացա։

Դե՜, մնաք բարով, իմ անգին բարեկամ Վարինկա։ Որքան կարողացա, նկարագրեցի ձեզ ամեն բան։ Այսօր ամբողջ օրը շարունակ ձեր մասին եմ մտածում։ Ամբողջ սիրտս կսկծում է ձեզ համար, բա՛լիկս։ Գիտեմ, է՜, գիտեմ, հոգյակս, որ տաք վերարկու չունեք։ Ախ, Պետերբուրգի այս գարունները, քամիները, ձյունախառն անձրևները,— մահս են դրանք, Վարինկա։ Եղանակների այնպիսի բարեխառնություն, որ տերը փրկի։ Պահանջկոտ մի՛ լինեք, հոգյակս, իմ գրություններից. ոճ չունեմ, Վարինկա, ոչ մի ոճ։ Գեթ որևէ ոճ ունենայի։ Գրում եմ, ինչ որ խելքիս փչում է, միայն թե ձեզ ուրախացնեմ որևէ բանով։ Ա՜յ, ուրիշ բան է, թե որ սովորած լինեի որևէ կերպ, թե չէ ի՞նչպես եմ սովորել, սև փող էլ չի ծախսվել իմ ուսման վրա։

Ձեր մշտական և հավատարիմ բարեկամ

Մակար Դեվուշկին:
Ապրիլ 25
Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Այսօր հանդիպեցի քեռուս աղջկան՝ Սաշային։ Սարսափելի է, նա էլ է կործանվելու, խեղճը։ Կողմնակի կերպով իմացել եմ, որ Աննա Ֆյոդորովնան իմ մասին շարունակ տեղեկություններ է հավաքում։ Թվում է, թե նա երբեք չպիտի դադարի ինձ հետապնդելուց։ Ասում է, թե ուզում է ներել ինձ, մոռանալ ամբողջ անցյալը և թե ինքը անպատճառ կայցելի ինձ։ Ասում է, թե դուք ինձ բոլորովին ազգական չեք, թե ինքն ավելի մոտիկ ազգական է ինձ, թե դուք ոչ մի իրավունք չունեք խառնվելու մեր ընտանեկան հարաբերություններին և թե ինձ համար ամոթ է և վայել չէ ապրելու ձեր ողորմությամբ և ձեր ծախսով։ Նա հայհոյում, հանդիմանում է ինձ, թե մոռացել եմ իր աղուհացը, թե ինքը կերակրել է երկուս ու կես տարուց ավելի, ծախսերի տակ է ընկել մեզ համար, թե չնայելով այս բոլորին, ներել է մեր պարտքը։ Մորս էլ խնայել չի ուզեցել։ Իսկ եթե խեղճ մայրս իմանար, թե ինչ են արել նրանք ինձ։ Աստված վերևից