Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնում է... Աննա Ֆյոդորովնան ասում է, թե ես իմ հիմարությունից չկարողացա պահել իմ բախտավորությունը, թե նա ինքն էր, որ ինձ կանգնեցրել էր բախտի դռանը, թե ինքը մնացած ոչ մի բանում մեղավոր չէ, և թե ես ինքս չկարողացա, գուցե և չկամեցա իմ պատիվը պաշտպանել։ Բայց ո՞վ է այստեղ մեղավորը, տե՛ր իմ աստված։ Նա ասում է, թե պարոն Բըկովը բոլորովին արդարացի է, թե հո չի կարելի ամուսնանալ ամեն տեսակ աղջկա հետ, որը․․․ դե ինչ գրեմ։ Անգութ բան է այսպիսի ստություն լսելը, Մակար Ալեքսեևիչ։ Ես չեմ իմանում, թե այժմ ինչ է կատարվում ինձ հետ։ Ես դողում եմ, լաց եմ լինում, հեկեկում, երկու ժամ է, որ այս նամակը գրում եմ ձեզ։ Ես կարծում էի, թե Աննա Ֆյոդորովնան գոնե կհասկանա, թե ինքը մեղավոր է իմ առջև, բայց ահա թե ինչեր է ասում այժմ։ Ի սեր աստծու, մի անհանգստանաք, իմ բարեկամ, իմ միակ բարի կամեցող Ֆեդորան ամեն բան չափազանցնում է, ես հիվանդ չեմ։ Ես միայն մի քիչ մրսել եմ երեկ, երբ գնացել էի Վոլկովո՝ մորս գերեզմանն օրհնել տալու։ Ինչո՞ւ դուք էլ չեկաք ինձ հետ,— այնպե՜ս խնդրել էի, որ գաք։ Ա՜խ, խեղճ իմ մայրիկ, որ վեր կենայիր գերեզմանիցդ, որ իմանայիր, որ լսեիր, թե ինչ արին նրանք ինձ...

Վ. Դ.
Մայիս 20

Իմ աղավնյակ, Վարինկա։

Մի քիչ խաղող եմ ուղարկում ձեզ, հոգյակս, առողջանալու համար այդ, ասում են, լավ է, բժիշկն էլ խորհուրդ է տալիս՝ ծարավը կոտրելու համար, միմիայն ծարավը կոտրելու համար։ Անցյալ անգամ սպիտակ հաց էիք ուզել, ջանիկս, ահա ուղարկում եմ հիմա։ Ախորժակ ունե՞ք, հոգյակս, ահա թե ինչն է գլխավորը։ Ասենք, փառք աստծո, որ ամեն ինչ անցավ և վերջացավ, և մեր դժբախտություններն էլ նույնպես բոլորովին վերջանում են։ Շնորհակալ լինենք երկնքից. իսկ ինչ վերաբերում է գրքերին, առայժմ ոչ մի տեղից չեմ ճարում։ Այստեղ, ասում են, մի լավ գիրք կա․ խիստ