Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր ոճով գրված, ասում են, որ լավն է, ես ինքս չեմ կարդացել, իսկ այստեղ շատ են գովում։ Խնդրեցի, որ տան ինձ կարդալու, խոստացան ուղարկել։ Բայց թե դուք կկարդա՞ք։ Այս տեսակետից դուք քմահաճ եք։ Դժվար է ձեր ճաշակին գոհացում տալ. ես ճանաչում եմ ձեզ, իմ աղավնյակ, ձեզ, անպատճառ բանաստեղծություն է հարկավոր, հառաչանքներ, սեր. դե՜, բանաստեղծություններ էլ կճարեմ, ամեն բան կճարեմ, այնտեղ մի տետրակ կա արտագրած։

Իսկ ես լավ եմ ապրում։ Դուք, ջանիկս, իմ մասին մի անհանգստանաք, խնդրում եմ, իսկ ինչ որ Ֆեդորան դուրս է տվել ձեզ իմ մասին, այդ բոլորը հիմարություն է. ասեք նրան, որ նա սուտ է ասել, անպատճառ ասեք նրան, այդ բամբասասեր կնկան... նոր վիցմունդիրս իսկի էլ չեմ ծախել։ Եվ ինչո՞ւ, ինքներդ դատեցեք, ինչո՞ւ ծախեմ։ Այ, ասում են, քառասուն արծաթ ռուբլի պարգև է դուրս գալիս ինձ համար, ուրեմն ինչո՞ւ պիտի ծախեմ։ Դուք, ջանիկս, մի անհանգստանաք.— նա կասկածոտ կին է, Ֆեդորան եմ ասում, նա կասկածոտ կին է։ Այ թե կապրե՜նք, իմ աղավնյակ։ Միայն թե դուք, հրեշտակիկս, առողջացեք, ի սեր աստծու, առողջացեք, դարդամաշ մի՛ անեք ծերուկիս։ Այդ ո՞վ է ասել ձեզ, թե լղարել եմ։ Զրպարտություն, դարձյալ զրպարտություն, այնպես եմ չաղացել, որ ինքս ինձանից ամաչում եմ. կուշտ և գոհ եմ մինչև բողազս, միայն թե դուք առողջանաք։ Դե՜, մնաք բարով, իմ հրեշտակիկ. համբուրում եմ ձեր բոլոր մատիկները և մնում եմ

Ձեր հավիտենական, անփոփոխ բարեկամ՝

Մակար Դեվուշկին։

Հ. Գ. Ա՜խ, հոգյակս, այդ ի՞նչ է իսկապես, որ դուք սկսել եք նորից գրել ինձ... այդ ինչ խելառություն է, ի՞նչպես կարող եմ գալ ձեզ մոտ այդպես շուտ-շուտ, ջանիկս, ինչպես։ Գուցե թե օգտվելով գիշերային մթությունի՞ց, բայց ահա հիմա գիշերներ էլ համարյա թե չեն լինում. այդպիսի ժամանակ է։ Ես հո, ջանիկս, հրեշտակիկս, համարյա թե չեմ հեռացել ձեզնից ձեր հիվանդության ամբողջ ժամանակ, ձեր ուշագնաց պառկած ժամանակ, բայց այստեղ ինքս էլ