Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդեն չգիտեմ, թե ինչպես էի այդ բոլոր գործերը կատարում ու հետո էլ չէի գալիս, որովհետև սկսել էին հետաքրքրրվել և հարցուփորձ անել։ Այստեղ արդեն առանց այն էլ ինչ որ բամբասանք է պտտվում։ Ես Թերեզայի վրա հույս ունեմ, նա բերանից բան բաց չի թողնի, բայց և այնպես ինքներդ դատեցեք, ջանիկս, ինչի՞ նման կլինի, որ նրանք ամեն բան իմանան մեր մասին։ Ի՞նչ կկարծեն և ի՞նչ կասեն այն ժամանակ.— Այդպես, ուրեմն, դուք ամուր պահեք ձեր սրտիկը, ջանիկս, և համբերեցեք մինչև առողջանալը, իսկ հետո արդեն այնպես, տանից դուրս, որևէ տեղ ռանդևու կունենանք։

Հունիս 1

Ամենասիրելի Մակար Ալեքսեևիչ։

Այնպես եմ ուզում ձեզ համար որևէ ցանկալի և հաճելի բան անել, իմ նկատմամբ ձեր թափած բոլոր ջանքերի համար, ձեր դեպի ինձ ունեցած սիրո համար, որ ես վճռեցի, վերջապես, քրքրել իմ կամոդը և գտնել իմ տետրակը, որը և այժմ ուղարկում եմ ձեզ։ Այդ տետրակը ես սկսել եմ գրել դեռևս իմ կյանքի բախտավոր ժամանակ։ Դուք հաճախ հետաքրքրությամբ հարցուփորձ էիք անում ինձ իմ նախկին կյանքի մասին, մայրիկիս մասին, Պակրովսկու մասին, Աննա Ֆյոդորովնայի մոտ իմ գտնվելու մասին և վերջապես, իմ վերջին դժբախտությունների մասին, և այնպես անհամբեր ուզում էիք կարդալ այդ տետրակը, որի մեջ խելքիս փչել էր, աստված գիտե՝ ինչու, գրի առնել կյանքիս մի քանի իրադարձությունները, որ չեմ կասկածում, տետրակս ուղարկելով մեծ հաճույք պիտի պատճառեմ ձեզ։ Իսկ ես, որ նորից կարդացի, մի տեսակ տխրեցի։ Ինձ թվում է, թե կրկնակի ծերացել եմ այն ժամանակից ի վեր, երբ գրել եմ հուշատետրիս մեջ վերջին տողը։ Այդ բոլորը գրել եմ զանազանն ժամանակներում։ Մնաք բարով, Մակար Ալեքսեևիչ։ Ես սարսափելի տխուր եմ այժմ և հաճախ անքնությունը տանջում է ինձ։ Ամենաձանձրալի ապաքինում։

Վ․ Դ․