Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1

Տասնչորս տարեկան էի, որ հայրիկս մեռավ։ Մանկությունս կյանքիս ամենաերջանիկ ժամանակն էր։ Մանկությունս այստեղ չսկսվեց, այլ այստեղից հեռու, խուլ գավառում։ Հայրիկս իշխան Պ.-ի ահագին կալվածքի կառավարիչն էր Տ.-ի նահանգում։ Մենք ապրում էինք իշխանի գյուղերից մեկում, ապրում էինք խաղաղ, սուսուփուս, բախտավոր... ես անհանգիստ, շարժուն, փոքրիկ աղջիկ էի, բան ու գործս դաշտերում, ծառաստաններում, այգում վազվզելն էր և իմ մասին ոչ ոք էլ չէր հոգում։ Հայրիկս անընդհատ զբաղված էր գործերով, մայրիկս տնտեսությամբ էր զբաղվում, ինձ ոչինչ չէին սովորեցնում, և ես ուրախ էի այդ բանի համար: Կպատահեր՝ ամենավաղ առավոտից կվազեի լճակը կամ անտառ, կամ խոտհարք, կամ հնձվորների մոտ, ու հոգս չէր թե արևն այրում է, թե ինքս էլ չգիտեմ ուր եմ հեռացել գյուղից, թե մացառները ճանկռում են ինձ, պատառոտում շորերս.— տանը հետո հանդիմանում էին, իսկ ես ուշադրություն էլ չէի դարձնում։

Եվ ինձ թվում է, թե շատ երջանիկ կլինեի, եթե վիճակվեր թեկուզ իմ ամբողջ կյանքում չհեռանալ գյուղից և ապրել միևնույն տեղում։ Այնինչ դեռևս երեխա ժամանակս ստիպված եղա թողնել ծննդավայրս։ Ես դեռ տասներկու տարեկան էի, երբ Պետերբուրգ տեղափոխվեցինք։ Ա՜խ, ինչպիսի տխրությամբ եմ հիշում այն րոպեները, երբ մենք պատրաստվում էինք ճամփա ընկնելու։ Ի՜նչպես էի լալիս, երբ հրաժեշտ էի տալիս այն բոլորին, ինչ որ այնքան սիրելի էր ինձ համար։ Հիշում եմ, փաթաթվեցի հայրիկիս վզովը և լալով աղաչում էի, որ գեթ քիչ էլ մնանք գյուղում։ Հայրիկս գոռաց ինձ վրա, մայրիկս լաց էր լինում, ասում էին պետք է, գործերն այդ են պահանջում։ Ծեր իշխան Պ.-ն մեռել էր։ Ժառանգները հայրիկիս արձակել էին պաշտոնից։ Հայրիկս քիչ թե շատ փող ուներ շրջանառության մեջ մասնավոր մարդկանց ձեռքին, Պետերբուրգում։ Հույս ունենալով ուղղել իր հանգամանքները, անհրաժեշտ էր համարել, որ անձամբ ներկա լինի այստեղ։ Այս բոլորը ես հետո իմացա մայրիկից։ Այստեղ մենք բնակություն հաստատեցինք Պետերբուրգսկայա