Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ստորոնա քաղաքամասում և ապրեցինք մի տեղ մինչև հայրիկիս մահը։

Որքան ծանր էր ինձ համար նոր կյանքին վարժվելը։ Պետերբուրգ մտանք աշնանը։ Գյուղից հեռանալիս օրն այնքան պարզ, տաք, պայծառ էր. գյուղական աշխատանքները վերջանում էին, կալերում արդեն հացի ահագին դեզեր էին դիզված, և թռչունների աղմկարար երամներն էին ամբոխվում. ամեն ինչ այնքա՜ն պարզ էր և ուրախ, իսկ այստեղ քաղաք մտնելիս՝ անձրև, աշնանային խոնավ եղյամ, ամպած երկինք, ցեխ և նոր անծանոթ մարդկանց ամբոխ, անհյուրընկալ, դժգոհ, բարկացկոտ։ Մի կերպ տեղավորվեցինք։ Հիշում եմ՝ ամենքը դես-դեն էին վազում շարունակ, այս ու այն անում, նոր տուն ու տեղ դնում։ Հայրիկս շարունակ տանը չէր, մայրիկս մի րոպե էլ հանգիստ չուներ, ինձ բոլորովին մոռացել էին: Երբ նոր բնակարանում առաջին գիշերն անցկացնելուց հետո առավոտյան վեր կացա — տխուր էի։ Մեր պատուհանները նայում էին ինչ-որ դեղին ցանկապատի։ Փողոցում շարունակ ցեխ էր։ Հատ ու կենտ մարդիկ էին անցնում, ամենքը տաք փաթաթված, մրսում էին։

Իսկ մեր տան մեջ ամբողջ օրերով սարսափելի թախիծ ու ձանձրույթ էր տիրում, հարազատներ և մոտիկ ծանոթներ համարյա չունեինք։ Աննա Ֆյոդորովնայի հետ հայրիկս խռով էր (ինչ որ փող էր պարտ Աննա Ֆյոդորովնային)։ Մեզ մոտ հաճախ մարդիկ էին գալիս գործով։ Սովորաբար վիճում էին, աղմկում, բղավում։ Ամեն անգամ, որ նրանք գնում էին, հայրիկս դժգոհ, բարկացած էր լինում, ամբողջ ժամերով անկյունից անկյուն էր չափում, մռութը հավաքած, և ոչ ոքի ոչ մի խոսք չէր ասում։ Մայրիկս այդ ժամանակ չէր համարձակվում հետը խոսել և լռում էր։ Ես քաշվում էի մի անկյուն, գիրքը ձեռքիս նստում սուսուփուս և չէի համարձակվում շարժվել:

Մեր Պետերբուրգ գալուց երեք ամիս հետո ինձ տվին պանսիոն։ Սկզբում շատ տխուր էի օտար մարդկանց մեջ: Ամեն ինչ այնքան չոր, անդուրեկան էր, դաստիարակչուհիները շարունակ բղավում էին, աշակերտուհիները չարաճճի, իսկ ես՝ քաշվող։ Խիստ կարգապահություն էր տիրում, պատժում էին։ Ամեն ինչ իր ժամին պիտի կատարվեր, ճաշն