Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր էր, ուսուցիչները՝ ձանձրալի, այս բոլորն սկզբում հոգիս մաշում, տանջում էր։ Այնտեղ քնել էլ չէի կարողանում։ Պատահում էր, որ ամբողջ գիշերը, երկար, ձանձրալի, ցուրտ գիշերը լաց էի լինում։ Պատահում էր, որ երեկոներն ամենքը կրկնում կամ սովորում են դասը, ես ինձ համար նստած սերտում եմ ֆրանսերեն խոսակցությունները կամ ոկաբուլները ու շարունակ մտածում մեր տան մասին, հայրիկիս մասին, մայրիկիս մասին, պառավ դայակիս մասին, նրա պատմած հեքիաթների մասին... ու ի՜նչպիսի թախիծ էր պատում սիրտս։ Տան մեջ եղած ամենաչնչին բանն ինչ է, այդ էլ էի հաճույքով հիշում։ Մտածում էի՝ ինչ լավ կլիներ հիմա տանը լինեի։ Կնստեի մեր փոքրիկ սենյակում, սամովարի մոտ, մերոնց հետ. այնքան տաք կլիներ, լավ, ամեն ինչ ծանոթ։ Մտածում էի, ի՞նչպես կգրկեի հիմա մայրիկիս, ամուր-ամուր, ջերմորեն։ Մտածում էի, մտածում ու կամաց լաց լինում, կրծքումս սեղմելով արցունքները, և միտս չէին գալիս ոկաբուլները։ Վաղվա դասը չէի սովորում, ամբողջ գիշերը երազում և տեսնում էի ուսուցչիս, մադամին, օրիորդներին։ Ամբողջ գիշերը երազում և դաս էի սերտում, իսկ հետևյալ օրը ոչինչ չգիտեի։ Չոքեցնում էին, մի կերակուր էին տալիս։ Այնքան տխուր էի, դարդոտ։ Սկզբում բոլոր օրիորդները ծիծաղում էին ինձ վրա, ջգրացնում, շփոթեցնում, երբ դաս էի ասում, կսմթում էին, երբ շարքերով գնում էինք ճաշի կամ թեյի՝ սուտ-սուտ գանգատվում ինձնից դաստիարակչուհուն։ Բայց դրա փոխարեն ի՞նչպիսի դրախտ էր բացվում ինձ համար, երբ դայակս շաբաթ երեկոներն ինձ տուն տանելու էր գալիս։ Ամուր-ամուր գրկում էի պառավիս խելագար ուրախությամբ։ Հագցնում էր ինձ, փաթաթում, ճամփին հազիվ էր հասնում հետևիցս, իսկ ես շարունակ խոսում էի, հա խոսում, պատմում։ Տուն էի գալիս ուրախ, զվարթ, պինդ գրկում մերոնց, կարծես տասը տարի տեսած չլինեի։ Սկսվում էին հարցուփորձերը, խոսակցությունները, ամենքին բարևում էի, ծիծաղում, հրհռում, վազվզում, թռչկոտում։ Հայրիկիս հետ սկսում էի լուրջ խոսակցություններ՝ գիտությունների մասին, մեր ուսուցիչների մասին, ֆրանսերեն լեզվի մասին, Լոմոնդի քերականության մասին, — և ամենքս այնքա՜ն