Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրախ, այնքա՜ն գոհ էինք։ Հիմա էլ ես ուրախությամբ եմ հիշում այդ րոպեները։ Ես ամեն կերպ աշխատում էի սովորել, որ հայրիկս գոհ մնար։ Տեսնում էի, որ նա իր վերջին կոպեկը ծախսում է ինձ վրա, իսկ ինքն, աստված գիտե, թե ինչ նեղություններ էր քաշում։ Օրը-օրին մռայլվում էր, քրթմնջող, բարկացկոտ դառնում, նրա բնավորությունը բոլորովին փչացել էր, գործերը չէին հաջողվում, պարտքերի մեջ խրված էր։ Մայրիկս վախենում էր նույնիսկ լաց լինել, վախենում էր մի խոսք անգամ ասել, որպեսզի չբարկացնի հայրիկիս, հիվանդացավ, շարունակ լղարում էր ու լղարում և սկսեց վատ հազալ։ Պանսիոնից որ գալիս էի, տեսնում էի ամենքի դեմքը տխուր, մայրիկս կամացուկ լաց էր լինում, հայրիկս՝ բարկանում։ Սկսվում էին դժգոհությունները, հանդիմանությունները։ Հայրիկս սկսում էր ասել ինձ, թե ես ոչ մի ուրախություն, ոչ մի մխիթարություն չեմ պատճառում իրեն, թե իրենք իմ պատճառով զրկվում են վերջին ունեցվածքից, իսկ ես մինչև այժմ չեմ խոսում ֆրանսերեն, մի խոսքով՝ բոլոր անհաջողությունների, բոլոր դժբախտությունների, ամեն, ամեն բանի համար կուժն ու կուլեն իմ ու մայրիկիս գլխին էր կոտրվում։ Բայց ի՛նչպես կարելի էր տանջել խեղճ մայրիկիս։ Որ նայում էի նրան, սիրտս կես էր լինում միջից, այտերը կախ էին ընկել, աչքերը խորն ընկել, դեմքը թոքախտավորի գույն էր ստացել։ Ամենից ավելի ինձ էր հասնում։ Միշտ դատարկ բանից էր սկսվում ու հետո, աստված գիտե ուր էր հասնում, շատ անգամ չէի էլ իմանում, թե բանն ինչումն է։ Էլ ինչ ասես չէր ասվում, էլ ինչ հանդիմանություն ասես՝ երեսիս չէր նետվում... Մեջ էր գալիս ֆրանսերենը, հետո՝ թե ես շատ հիմար եմ, թե մեր պանսիոն պահողը ապիկար, հիմար կին է, թե նա մեր բարոյականության մասին չի հոգում, թե ինքը, հայրիկս մինչև այժմ չի կարողանում պաշտոն ճարել իր համար, թե Լոմոնդի քերականությունն անպետք քերականություն է, իսկ Զապոլսկունը ավելի լավ է, թե ինձ վրա շատ փող են ծախսել զուր տեղը. թե ես, ինչպես երևում է, անզգա, քար աղջիկ եմ,— մի խոսքով՝ ես, խեղճս բոլոր ուժովս աշխատում էի սերտել ֆրանսերեն խոսակցություններն ու ոկաբուլները ու միևնույն ժամանակ ամեն բանում ես էի մեղավորը, ամեն բանի համար