Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգու համար։ Սրանից հետո հանդիսավորապես հաշտվեց մայրիկիս հետ։

Երկար ներածություններից և նախապատրաստումներից հետո Աննա Ֆյոդորովնան, վառ գույներով նկարագրելով մեր աղետալի դրությունը, որբությունը, անհուսությունը, անօգնականությունը, հրավիրեց մեզ, ինչպես ինքն արտահայտվեց, իր մոտ ապաստանելու։ Մայրիկս շնորհակալություն հայտնեց, բայց որովհետև ուրիշ հնար չկար, ուստի, վերջապես, հայտարարեց Աննա Ֆյոդորովնային, որ իր առաջարկն ընդունում ենք շնորհակալությամբ։ Այսօրվա պես հիշում եմ այն առավոտը, երբ մենք Պետերբուրգսկայա Ստորոնա քաղաքամասից տեղափոխվեցինք Վասիլևսկի Օստրով։ Առավոտը աշնանային էր, պարզ, չոր, ցուրտ։ Մայրիկս լաց էր լինում, ես սաստիկ տխուր էի, կուրծքս պատռվում էր, հոգիս քամվում էր ինչ-որ անբացատրելի, սարսափելի թախիծից։ Ծանր էր ժամանակը ․․․

2

Սկզբում մենք, այսինքն՝ ես ու մայրիկս, քանի դեռ չէինք ընտելացել մեր նոր բնակարանին, մի տեսակ անհարմար էինք զգում մեզ Աննա Ֆյոդորովնայի մոտ։ Աննա Ֆյոդորովնան ապրում էր սեփական տանը, վեցերորդ գծում։ Տան մեջ կար ընդամենը հինգ մաքուր սենյակ։ Նրանցից երեքում ապրում էր ինքը՝ Աննա Ֆյոդորովնան և քեռուս աղջիկը՝ Սաշան, որը դաստիարակվում էր նրա մոտ. նա որբ էր, առանց հոր ու մոր և դեռ երեխա։ Հետո մի սենյակում մենք էինք ապրում և վերջապես վերջին սենյակում մեր կողքին տեղավորված էր մի աղքատ ուսանող Պակրովսկի ազգանունով, Աննա Ֆյոդորովնայի կենողը։ Աննա Ֆյոդորովնան ապրում էր շատ լավ և ավելի հարուստ, քան կարելի էր ենթադրել. բայց նրա կարողությունն խորհրդավոր էր, ինչպես և նրա զբաղմունքը։ Նա միշտ ինչ-որ բանի վրա էր, միշտ զբաղված, օրը միքանի անգամ դուրս էր գնում, բայց թե ինչ էր անում, ինչի մասին էր հոգում և ինչու համար էր հոգում, այս ես ոչ մի կերպ չկարողացա իմանալ։ Մեծ և բազմազան ծանոթություններ ուներ նա։ Շարունակ հյուրեր