Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին գալիս նրա մոտ, աստված գիտե, ինչպիսի մարդիկ, միշտ ինչ-որ գործերով և մի րոպեով։ Դռան զանգակը զրնգում էր թե չէ, մայրիկս միշտ ներս էր տանում ինձ մեր սենյակը։ Աննա Ֆյոդորովնան այս բանի համար սաստիկ նեղանում էր մայրիկիցս և անդադար պնդում էր, թե մենք արդեն չափազանց հպարտ ենք, աղքատ ու հպարտ, և ամբողջ ժամերով չէր լռում։ Այն ժամանակ ես չէի հասկանում, թե խոսքը ինչ հպարտության մասին էր, նմանապես ես այժմ եմ միայն իմանում կամ գոնե գուշակում, թե ինչու մայրիկս չէր վստահում ապրել Աննա Ֆյոդորովնայի մոտ. նա շարունակ տանջում էր մեզ։ Մինչև այժմ ինձ համար գաղտնիք է, թե ինչու նա հրավիրում էր մեզ իր մոտ։ Սկզբում բավական սիրալիր էր մեզ հետ, բայց հետո արդեն բոլորովին ցույց տվեց իր իսկական բնավորությունը, երբ տեսավ, որ մենք կատարելապես անօգնական ենք և գնալու տեղ չունենք։ Հետագայում ինձ հետ շատ սիրալիր դարձավ, նույնիսկ քծնանքի հասնող մի տեսակ կոպիտ սիրալիր, բայց սկզբում նրանից ինձ էլ էր հասնում մայրիկիս հետ մեկտեղ։ Րոպե առ րոպե հանդիմանում էր մեզ, շարունակ երեսներովս տալիս իր բարերարությունները։ Օտար մարդկանց մեզ ներկայացնում էր իբրև իր աղքատ-անօգնական ազգականներ, մայրիկիս՝ իբրև այրի կնոջ, ինձ՝ իբրև որբի, որոնց ինքը քրիստոնեական սիրուց դրդված ապաստան է տվել իր մոտ։ Ճաշի նստած ժամանակ մեր վերցրած ամեն մի կտորին հետևում էր աչքերով, իսկ եթե չէինք ուտում, նորից սկսվում էր հին պատմությունը, թե մենք լայեղ չենք անում, թե պետք է ներեք, իր ունեցածն այդ է, թե ի՛նչ անենք, որ մենք դրանից ավելի լա՞վ բաներ ենք կերել: Հայրիկիս մասին շարունակ վատ էր խոսում, ասում էր, թե ուզում էր ամենքից լավ լինել, բայց վատ դուրս եկավ, թե՛ կնոջն ու աղջկան դառ ու դատարկ թողեց և թե՛ իր պես բարերար, քրիստոնեական հոգու տեր, կարեկից ազգականուհի որ չգտնվեր, աստված գիտե, գուցե թե նրանք սովամահ լինեին փողոցի մեջ։ Էլ ինչ ու ինչ չէր ասում նա։ Այնքան դառը չէր, որքան զզվելի նրան լսելը։ Մայրիկս շարունակ լաց էր լինում. նրա առողջությունն օրը-օրին վատանում էր, նա նկատելի կերպով հյուծվում էր, մինչդեռ ես ու նա առավոտվանից