Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանել նրան համբերությունից. ուրեմն մենք զոռով ստիպեցինք նրան, այդ դժբախտ, խեղճ երիտասարդին, հիշել իր անագորույն վիճակի մասին։ Ես ամբողջ գիշերը չքնեցի զայրույթից, խղճահարությունից, զղջումից։ Ասում են, թե զղջումը թեթևացնում է հոգին, ընդհակառակը։ Չգիտեմ՝ վշտիս ինչպես միացավ և ինքնասիրությունը։ Չէի ուզում, որ նա ինձ երեխայի տեղ դներ։

Այդ ժամանակ ես արդեն տասնհինգ տարեկան էի։ Այդ օրվանից ես սկսեցի տանջել իմ երևակայությունը, հազարավոր ծրագիրներ կազմելով, թե ինչպես Պակրովսկուն հանկարծ ստիպեմ, որ փոխի իր կարծիքն իմ մասին։ Բայց երբեմն ես քաշվող և ամաչկոտ էի լինում. իմ ներկա դրության մեջ ոչ մի բան չէի կարող վճռել և բավականանում էի միմիայն ցնորքներով (և աստված գիտե, ինչպիսի ցնորքներով): Ես դադարեցի միայն չարություն անել Սաշայի հետ։ Պակրովսկին այլևս չէր բարկանում մեզ վրա, բայց ինքնասիրությանս համար այդ քիչ էր։

Այժմ մի քանի խոսք կասեմ ամենատարօրինակ, ամենահետաքրքրական և ամենախղճուկ մի մարդու մասին, որի նմանը չեմ տեսել ոչ մի տեղ։ Այդ մարդու մասին նրա համար եմ ասում այժմ, հուշերիս հենց այս տեղում, որովհետև մինչև այս ժամանակ ես համարյա թե ոչ մի ուշադրություն չէի դարձնում նրա վրա, այնքան էր Պակրովսկուն վերաբերող ամեն բան հանկարծ մտահոգիչ դարձել ինձ համար։

Երբեմն մեր տունն էր գալիս մի ծերուկ, կեղտոտ, վատ հագնված, փոքրիկ, սպիտակահեր, կուզիկ, անշնորհք, մի խոսքով՝ այնքան տարօրինակ, որ չի ասվի։ Առաջին հայացքից կարելի էր կարծել, թե ամաչում է ինչ-որ բանից, քաշվում է ինքն իրենից։ Դրա համար միշտ մի տեսակ կուչ էր գալիս, մի տեսակ ծռմռվում, այնպիսի շարժումներ էր անում, այնպիսի ծամածռություններ, որ համարյա թե առանց սխալվելու կարելի էր եզրակացնել, թե խելքը տեղը չէ։ Կգար երբեմն մեզ մոտ, կկանգներ դուրսը՝ ապակևոր դռների մոտ և չէր համարձակվի տուն մտնել։ Մեզնից ով մոտից կանցներ,— ես կամ Սաշան, կամ ծառաներից որևէ մեկը, որին գիտեր, որ իրեն բարի աչքով է նայում,— իսկույն ձեռքով կաներ, կկանչեր իր մոտ, զանազան նշաններ կաներ և այն