Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերան բանալ չէր համարձակվում առանց նրա թույլտվության։

Խեղճ ծերունին հրճվում, ուրախանում էր, որ նայում էր իր Պետինկին (այսպես էր անվանում որդուն)։ Նրա մոտ հյուր գալիս գրեթե միշտ մի տեսակ մտահոգ, վախկոտ տեսք էր ունենում, երևի այն պատճառով, որ չգիտեր, թե որդին ինչպես կընդունի իրեն, սովորաբար երկար ժամանակ չէր վստահում մտնել, և եթե պատահում էր, որ ես այդտեղ էի լինում, մի քսան րոպեի չափ հարցուփորձ էր անում՝ ի՞նչպես է Պետինկան, առո՞ղջ է, տրամադրությունն ի՞նչպես է և որևէ կարևոր գործով չի՞ զբաղված արդյոք, ինչո՞վ է զբաղվում, գրո՞ւմ է, կարդո՞ւմ է, թե որևէ մտածողություններով է զբաղված։ Երբ բավականաչափ խրախուսում և հանգստացնում էի, ծերունին, վերջապես, վստահանում էր մտնել և կամաց-կամաց, զգույշ-զգույշ բաց էր անում դուռը, նախ գլուխն էր ներս կոխում ու թե որ տեսնում էր, որ որդին չի բարկանում ու գլխով նշան է անում, կամացուկ մտնում էր սենյակը, հանում վերարկուն, գլխարկը, որը միշտ ճխլտված էր լինում, ծակ, պոկված եզրերով,— կախում էր կեռի վրա, ամեն ինչ անում էր կամացուկ, անլռելի, հետո զգուշորեն նստում էր աթոռի վրա և աչքերը չէր հեռացնում որդուց, որսում էր նրա բոլոր շարժումները, որ իմանա իր Պետինկի տրամադրությունը։ Եթե որդին մի քիչ քեֆին չէր լինում, և ծերունին նկատում էր այդ, իսկույն վեր էր կենում տեղից և բացատրում, թե «Պետինկա, մի րոպեով եմ եկել, հեռու տեղ էի գնացել, անցնում էի այս կողմով, մտա, որ հանգստանամ»։ Ու հետո սուսուփուս, հնազանդ վերցնում էր վերարկուն, գլխարկը, նորից կամացուկ դուռը բաց անում ու գնում, զոռով ժպտալով, որպեսզի սրտի մեջ պահի իր վիշտը և ցույց չտա որդուն։

Բայց եթե որդին լավ էր ընդունում հորը, ծերուհին չէր իմանում՝ ինչ անի ուրախությունից։ Գոհունակությունը երևում էր նրա դեմքին, շարժումների մեջ։ Եթե որդին խոսում էր նրա հետ, ծերունին միշտ մի քիչ բարձրանում էր աթոռից և պատասխանում կամաց, պատկառանքով, գրեթե երկյուղածությամբ և միշտ աշխատելով գործածել ամենաընտիր, այսինքն ամենածիծաղելի խոսքեր։ Բայց խոսքի վարպետությունը