Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուտով այլևս չէի սովորում Պակրովսկու մոտ։ Նա ինձ առաջվա պես երեխա էր համարում, թեթևսոլիկ աղջիկ, Սաշային հավասար։ Իմ ջիգրը շատ էր գալիս այդ բանից, որովհետև ես ամեն կերպ աշխատում էի ուղղեմ իմ նախկին վարմունքը։ Բայց այդ չէր տեսնում։ Այս ավելի ու ավելի էր գրգռում ինձ։ Ես գրեթե երբեք չէի խոսում Պակրովսկու հետ դասերից դուրս, չէի էլ կարողանում խոսել։ Կարմրում էի, շփոթվում ու հետո քաշվում էի մի անկյուն ու լալիս զայրույթից։

Չգիտեմ՝ ինչով պիտի վերջանար այս բոլորը, եթե մեր մերձեցմանը չնպաստեր մի տարօրինակ հանգամանք։ Մի երեկո, երբ մայրիկս Աննա Ֆյոդորովնայի մոտ էր, ես կամացուկ մտա Պակրովսկու սենյակը։ Գիտեի, որ տանը չէ և, հավատացեք, չգիտեմ ինչու խելքիս փչել էր, որ մտնեմ նրա մոտ։ Մինչև այդ ես երբեք ներս էլ չէի նայել նրա սենյակը, թեև արդեն մի տարուց ավելի էր, որ ապրում էինք իրար կողքի։ Այս անգամ սիրտս այնքան արագ էր խփում, այնքան ուժգին, որ թվում էր, թե ուզում էր դուրս թռչել կրրծքիցս։ Նայեցի շուրջս մի տեսակ առանձին հետաքրքրությամբ։ Պակրովսկու սենյակը կահավորված էր շատ աղքատ, շատ էլ կարգին չէր։ Պատերին հինգ երկար դարակ էր խփած, դարակների վրա՝ գրքեր։ Սեղանի և աթոռների վրա թղթեր էին դրված։ Գրքեր և թղթեր։ Գլխումս մի տարօրինակ միտք ծագեց և միևնույն ժամանակ զայրույթի ինչ-որ անհաճո մի զգացում պաշարեց ինձ։ Ինձ թվաց, թե իմ բարեկամությունը, իմ սիրող սիրտը քիչ էր նրա համար։ Նա ուսում ուներ, իսկ ես հիմար էի և ոչինչ չգիտեի, ոչինչ չէի կարդացել, ո՛չ, ո՛չ մի գիրք... Այստեղ նախանձով նայեցի երկար դարակներին, որոնք տնքում էին գրքերի ծանրության տակ։ Զայրույթ, թախիծ, ինչ-որ կատաղություն տիրապետեց ինձ։ Սիրտս տվեց և հենց իսկույն էլ վճռեցի կարդալ նրա գրքերը, բոլորը, բոլորը և որքան կարելի է՝ շուտ։ Չգիաեմ, գուցե կարծում էի, որ եթե սովորեմ այն բոլորը, ինչ որ նա գիտեր, արժանի կլինեի նրա բարեկամությանը։ Վրա ընկա առաջին դարակին, առանց մտածելու, առանց կանգ առնելու վերցրի առաջին պատահած փոշոտ մի հին հատոր և, հուզումից ու վախից կարմրելով, դեղնելով ու զողալով,