Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարա ինձ հետ գողացած գիրքը՝ վճռելով կարդալ գիշերը, փոքրիկ ճրագի լույսով, երբ մայրիկս կքներ։

Բայց որքան ջիգրս եկավ, երբ մեր սենյակը գալով, շտապով բաց արի գիրքը և տեսա ինչ-որ հին, կես փտած, ցեցակեր լատիներեն մի շարադրություն։ Ետ դարձա՝ առանց ժամանակ կորցնելու։ Հենց ուզում էի գիրքը դարակի վրա դնել, նախասենյակից ինչ-որ քայլերի ձայն լսվեց։ Շտապեցի, բայց անպիտան գիրքն այնպես պինդ էր խցկված շարքի մեջ, որ երբ հանել էի այդ մեկը, մյուսները բռնել էին նրա տեղը և այնպես կպել իրար, որ իրենց նախկին ընկերոջ համար այժմ տեղ չէին թողել այլևս։ Ուժ չունեի գիրքը ներս խցկելու։ Բայց և այնպես, որքան կարողացա, գրքերն ուժգին կերպով մի կողմ հրեցի։ Ժանգոտած մեխը, որի վրա ամրացրած էր դարակը և որը կարծես դիտմամբ այդ րոպեին էր սպասում, որ կոտրվի, կոտրվեց։ Դարակը մի ծայրով թռավ ներքև։ Գրքերն աղմուկով թափվեցին հատակի վրա։ Դուռը բացվեց, և Պակրովսկին ներս մտավ։

Պետք է նկատեմ, որ նա տանել չէր կարողանում, երբ որևէ մեկն իր սենյակում մի բան վերցնում, ուրիշ տեղ էր դնում։ Վայ նրան, ով նրա գրքերին ձեռք կտար։ Ուրեմն երևակայեցեք, սարսափս, երբ փոքրիկ, մեծ, ամեն ծավալի, ամեն տեսակ մեծության ու հաստության գրքերը շառաչյունով թափվեցին դարակից և գլորվելով՝ ցաք ու ցրիվ եկան սեղանի տակ, աթոռների տակ, ամբողջ սենյակում։ Ուզում էի փախչել, բայց ուշ էր։— Վերջացավ, ասում եմ ինքս ինձ, վերջացավ։ Կորա, կործանվեցի։ Չարություն եմ անում տասը տարեկան երեխայի պես. հիմար աղջիկ եմ, շատ հիմար։— Պակրովսկին սաստիկ բարկացավ։— Ըհը՞, այդ էր պակաս,— բղավեց նա։ — «Դե, ամոթ չի՞, որ այդսլիսի չարություն եք անում...։ Երբ պիտի խելքի գաք», ու ինքը վրա ընկավ, որ գրքերը հավաքի։ Կռացա, որ օգնեմ։ — «Հարկավոր չէ, հարկավոր չէ,— բղավեց նա։— Լավն այն կլիներ, որ չմտնեիք այնտեղ, ուր ձեզ չեն հրավիրել»։ Բայց մի քիչ մեղմացած իմ հնազանդ շարժումից, նա շարունակեց արդեն հանգիստ կերպով իր առաջվա խրատական տոնով, օգտվելով ուսուցչի իր առաջվա իրավունքից։ — Դե ե՞րբ կզգաստանաք, ե՞րբ կուշիմանաք։ Մեկ նայեցեք