Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ինչ-որ սարսափելի մի երազ, ինչ-որ սարսափելի մի տեսիլք տեսա քնի և արթնության պայքարի տանջալից րոպեին։ Զարթնեցի սարսափահար... սենյակը մութն էր, ճրագը հանգչում էր, լույսի շերտերը մերթ հանկարծ որոշում էին ամբողջ սենյակը, մերթ հազիվհազ երևում պատի վրա և մերթ չքանում բոլորովին։ Ինչ-որ սոսկում պատեց ինձ, ինչ-որ սարսափ եկավ վրաս. երևակայությունն ալեկոծվել էր զարհուրելի երազից, թախիծը ճնշում էր սիրտս... Վեր թռա աթոռից և ճչացի ինչ-որ տանջալից, սարսափելի ծանր զգացումից։ Այդ ժամանակ դուռը բացվեց, և Պակրովսկին ներս մտավ մեզ մոտ։

Հիշում եմ միայն, որ ուշքի եկա նրա ձեռքերի վրա։ նա զգուշորեն նստացրեց ինձ թիկնաթոռի վրա, ջուր տվավ և սկսեց հարցուփորձ անել։ Չեմ հիշում՝ ինչ էի պատասխանում։— «Դուք հիվանդ եք, դուք ինքներդ խիստ հիվանդ եք»,— ասաց ձեռքս առնելով.— «դուք տաքություն ունեք, դուք կործանում եք ձեզ, չեք խնայում ձեր առողջությունը, հանգստացեք, պառկեցե՛ք, քնեցե՛ք։ Ես ձեզ կզարթեցնեմ երկու ժամից հետո, մի քիչ հանգստացեք... Դե՛, պառկեցեք, պառկեցեք»,— շարունակում էր նա՝ թույլ չտալով, որ ես մի խոսք անգամ արտասանեմ առարկելու համար։ Հոգնածությունը խլել էր ինձնից վերջին ուժերս, աչքերս փակվում էին թուլությունից։ Հետ ընկա թիկնաթոռի մեջքին, որ մի կես ժամ քնեմ, բայց քնեցի մինչև առավոտ։ Պակրովսկին ինձ զարթեցրեց այն ժամանակ, երբ դեղ պիտի տայի մայրիկիս։

Հետևյալ օրը, ցերեկով մի քիչ հանգստանալուց հետո, պատրաստվել էի նորից նստելու թիկնաթոռի վրա՝ մայրիկիս անկողնու մոտ, հաստատապես վճռելով, որ այս անգամ չքնեմ, Պակրովսկին ժամը տասնմեկին ծեծեց մեր դուռը։ Բաց արի։ «Կձանձրանաք մենակ նստելուց»,— ասաց նա ինձ,— «ձեզ համար գիրք եմ բերել, վերցրեք, այնքան էլ չեք ձանձրանա»։ Վերցրի, չեմ հիշում՝ ինչ գիրք էր. հազիվ թե այն ժամանակ բացած լինեի, թեև ամբողջ գիշերը չքնեցի։ Ներքին տարօրինակ մի հուզում թույլ չէր տալիս քնելու․ չէի կարողանում մի տեղ նստել, միքանի անգամ վեր էի կենում թիկնաթոռից և սկսում ման գալ սենյակում։ Ներքին