Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զսպել չկարողացա, մի տեսակ ջղայնության մեջ էի ընկել։ Նա առավ ձեռքերս, համբուրում էր, հանգստացնում ինձ, զգացված, չեմ հիշում, ինչ էր ասում, միայն հա՛մ լաց էի լինում, հա՛մ ծիծաղում ու նորից լաց լինում. կարմրել էի, չէի կարողանում մի խոսք անգամ արտասանել ուրախությունից։ Սակայն չնայելով հուզման՝ նկատեցի, որ Պակրովսկին մի տեսակ շփոթված դրության և հարկադրանքի մեջ է։ Թվում էր, թե նա զարմանալով զարմանում էր իմ ոգևորության, իմ հրճվանքի, այնքան անակնկալ, ջերմ, բոցավառ բարեկամության վրա։ Գուցե սկզբում այդ բանը միայն հետաքրքրական էր նրա համար. հետագայում նրա անվճռականությունը չքացավ և նա նույնպիսի պարզ, անմիջական զգացումով, ինչպես և ես, ընդունում էր իմ բարեկամությունը, իմ սիրալիր խոսքերը, իմ ուշադրությունը և այս բոլորին պատասխանում նույն ուշադրությամբ, նույնպիսի բարեկամությամբ և նույնքան սիրալիր կերպով, իբրև իմ անկեղծ բարեկամը, իբրև իմ հարազատ եղբայրը։ Սրտիս մեջ այնպիսի ջերմություն էր տիրում, այնքան լավ էի զգում ինձ... Ես ոչ մի բան չէի թաքցնում, չէի ծածկում, այս բոլորը նա տեսնում էր և օրը-օրին ավելի ու ավելի կապվում ինձ հետ։

Եվ հավատացեք, չեմ հիշում, թե էլ ինչ բանի մասին ասես չէինք խոսում իրար հետ մեր տեսակցության այն տանջալից և միաժամանակ քաղցր ժամերին, գիշերը, ճրագի երերուն լույսի տակ, իմ խեղճ հիվանդ մայրիկի գրեթե անկողնի մոտ... խոսում էինք ամեն բանի մասին, ինչ որ գալիս էր մտքներիս, ինչ որ դուրս էր թռչում սրտներիցս, ու մենք գրեթե երջանիկ էինք... Օ՜հ, այդ հա՛մ տխուր, հա՛մ ուրախալի ժամանակ էր, և ես հա՛մ տխրում, հա՛մ ուրախանում եմ, որ այժմ հիշում եմ այդ։ Հիշողությունները, ուրախալի, թե դառն, միշտ տանջալից են. գոնե ինձ համար, բայց այդ տանջանքն էլ քաղցր է։ Եվ երբ սրտիդ մեջ ծանրություն, ցավ, մաշող թախիծ ես զգում, այն ժամանակ հիշողությունները թարմացնում և կենդանացնում են քեզ, ինչպես ցողի կաթիլները և զովաշունչ երեկոն տոթակեզ ցերեկից հետո թարմացնում և կենդանացնում են ցերեկվա տապից այրված խեղճ թոշնած ծաղիկը։