Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրիկս ապաքինվում էր, բայց ես դեռևս շարունակում էի գիշերները նստած մնալ նրա անկողնի մոտ։ Հաճախ Պակրովսկին գրքեր էր տալիս ինձ. սկզբում կարդում էի, որ չքնեմ, հետո կարդում էի ավելի ուշադիր, հետո ագահությամբ, առջևս հանկարծ բացվեց շատ նոր բան, ինչ որ մինչ այդ անհայտ, անծանոթ էր ինձ։ Նոր մտքեր, նոր տպավորություններ առատ հոսանքով մեկեն եկան լցնելու սիրտս։ Ու որքան հուզիչ, շփոթեցնող և դժվարին էին նոր տպավորությունները, այնքան ավելի սիրելի էին նրանք ինձ համար, այնքան ավելի քաղցրորեն՝ ցնցում էին հոգիս հիմն ի վեր։ Մեկեն հանկարծ ամբոխվեցին նրանք սրտիս մեջ, առանց հանգիստ տալու։ Ինչ-որ տարօրինակ մի քաոս սկսեց ալեկոծել ամբողջ էությունս։ Բայց հոգեկան այս բռնությունը չէր կարող և չկարողացավ ինձ շփոթեցնել բոլորովին։ Ես չափազանց երազող էի, և այս փրկեց ինձ։ Երբ մայրիկիս հիվանդությունը վերջացավ, մեր երեկոյան տեսակցություններն ու երկար խոսակցությունները դադարեցին, մեզ հաջողվում էր երբեմն մի-մի, հաճախ դատարկ ու աննշան խոսք փոխանակել իրար հետ. բայց ես սիրում էի ամեն բանի իր նշանակությունը, իր առանձին, ենթադրական արժեքը տալ։ Կյանքս լի էր, ինքս ուրախ, հանգիստ, խաղաղ, երջանիկ։ Այսպես անցավ միքանի շաբաթ...

Մի անգամ մեզ մոտ մտավ ծերունի Պակրովսկին։ Երկար ժամանակ զրույց էր անում մեզ հետ, սովորականից դուրս ուրախ էր, կայտառ, շատախոս, ծիծաղում էր, իր հանգի սրախոսում և վերջապես լուծեց իր ցնծության հանելուկը, հայտարարելով, թե ուղիղ մի շաբաթ հետո Պետինկի ծննդյան օրն է լինելու, և թե այս առթիվ անպատճառ գալու է որդու մոտ, հագնելու է իր նոր ժիլետը և թե կինը խոստացել է նոր կոշիկներ դնել իր համար։ Մի խոսքով, ծերունին երջանիկ էր կատարելապես և դուրս էր տալիս՝ ինչ որ խելքին փչում էր։

Նրա ծննդյան օ՜րը։ Ծննդյան այդ օրը հանգիստ չէր տալիս ինձ ոչ ցերեկը, ոչ գիշերը։ Վճռեցի անպատճառ հիշեցնել Պակրովսկուն իմ բարեկամությունը և որևէ բան նվիրել նրան։ Բայց ի՞նչ։ Վերջապես մտածեցի գրքեր նվիրել։ Գիտեի, որ ուզում էր ունենալ Պուշկինի երկերի լիակատար