Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովածուն վերջին հրատարակությամբ ու վճռեցի գնել Պուշկինը։ Ես ունեի իմ սեփական փողը — երեսուն ռուբլի, որ վաստակել էի ձեռագործով։ Այղ փողը հետ էի գցել նոր շոր առնելու։ Իսկույն մեր խոհարարուհուն, պառավ Մատրյոնային ուղարկեցի, որ իմանա՝ ինչ արժե ամբողջ Պուշկինը։ Վա՜յ ինձ։ Բոլոր տասնմեկ գրքերի գինը, հետը հաշված նաև կազմի ծախքը, ամենաքիչը վաթսուն ռուբլի էր։ Ո՞րտեղից վերցնեի այդքան փող։ Մտածում էի, մտածում ու չէի իմանում ինչ անեմ։ Մայրիկիցս խնդրել չէի ուզում։ Իհարկե, մայրիկս անպատճառ կօգներ, բայց այն ժամանակ տան մեջ ամենքը կիմանային մեր նվերի մասին, բայց դրանից, այդ նվերը շնորհակալության, վճարի պես մի բան կդառնար այն աշխատանքի համար, որ Պակրովսկին թափել էր՝ մի ամբողջ տարի, ինձ հետ պարապելով։ Ես ուզում էի միայն ինքս նվիրեմ, ամենքից ծածուկ։ Իսկ իմ ուսման վրա թափած աշխատանքի համար ուզում էի առ միշտ պարտական մնալ նրան առանց որևէ վճարի, բացի իմ բարեկամությունից։ Վերջապես մտածեցի ինչպես դուրս գամ դժվարությունից։

Գիտեի, որ հին գրքեր վաճառողների մոտ Գաստիննի Դվորում հաճախ քիչ հնացած և գրեթե բոլորովին նոր գիրք կարելի է գնել, երբեմն կիսով չափ էժան, եթե միայն առուտուր անես։ Վճռեցի անպատճառ գնալ Գաստիննի Դվոր։ Այդպես էլ եղավ, հենց մյուս օրն ինչ-որ բան էր հարկավոր մեզ էլ, Աննա Ֆյոդորովնային էլ։ Մայրիկս տկար էր, Աննա Ֆյոդորովնային էլ շատ դեղին ծուլությունն էր բռնել, այնպես որ ստիպված էին բոլոր հանձնարարությունները ինձ վրա դնել, և ես գնացի Մատրյոնայի հետ։

Իմ բախտից շատ շուտով գտա Պուշկինը և շատ գեղեցիկ կազմով։ Սկսեցի առուտուր անել։ Սկզբում ավելի թանկ գնահատեցին, քան խանութներում, բայց հետո սակայն առանց դժվարության, միքանի անգամ հեռանալով, գրավաճառին այն տեղը հասցրի, որ նա գինը պակասեցրեց և սահմանափակեց իր պահանջները միայն տասն արծաթ ռուբլով։ Ինչքա՜ն ուրախ էի, որ առուտուր էի անում... Խեղճ Մատրյոնան չէր իմանում, թե ինչ է պատահում ինձ, և