Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրքեր կան»։— Ու վերջին խոսքերն այնպիսի խղճալի ձայնով արտասանեց, որ որ ինձ թվաց, թե պատրաստ է լաց լինելու բարկությունից, որ լավ գրքերը թանկ են, և թե ահա որտեղ որ է, արտասուքը գունատ այտերով կկաթի կարմիր քթին։ Հարցրի՝ շա՞տ փող ունի։— «Ա՛յ, — այստեղ խեղճը հանեց լրագրի յուղոտած թղթի մեջ փաթաթած իր բոլոր փողերը,— ահա տաս շահանոց, աբասանոց, սև փող, մի աբասի»։ Ես իսկույն քարշ տվի նրան իմ գրավաճառի մոտ:— «Ահա ամբողջ տասնմեկ գիրք, արժե ընդամենը երեսուն երկու ռուբլի ու կես. երեսունը ես ունեմ, երկուսուկեսն էլ դուք կտաք, և մենք այս բոլոր գրքերը կնվիրենք միասին»։ Ծերունին խելքը կորցրեց ուրախությունից, թափեց իր բոլոր փողերը, և գրավաճառը բեռնեց նրա վրա մեր ամբողջ ընդհանուր գրադարանը։ Իմ ծերուկը գրքերը կոխեց բոլոր գրպանները, առավ ձեռքերի վրա, կռների տակ և տարավ իր մոտ, խոսք տալով ինձ, որ հետևյալ օրը բոլոր գրքերը ծածուկ կբերի ինձ մոտ։

Հետևյալ օրը ծերունին եկավ որդու մոտ, մի ժամի չափ նստեց նրա մոտ ըստ սովորականին, հետո մտավ մեզ մոտ և նստեց մոտս ամենա կոմիքական խորհրդավոր տեսքով։ Սկզբում ինչ-որ գաղտնիք իմացող մարդու հպարտ գոհունակությամբ ձեռքերն իրար շփելով, հայտարարեց ինձ, որ բոլոր գրքերն ամենաաննկատելի կերպով տեղափոխված են մեզ մոտ և դրված են խոհանոցի անկյունում՝ Մատրյոնայի հովանավորության տակ։ Հետո խոսակցությունը բնականաբար դարձավ սպասվող տոնի վրա. ծերունին սկսեց երկարումեկ խոսել այն մասին, թե ինչպես պիտի նվիրենք, և որքան խորանում, որքան շատ էր խոսում այս մասին, այնքան ավելի նկատելի էր դառնում ինձ համար, որ ինչ-որ ուրիշ բան ունի ասելու, որի մասին, սակայն, չի կարողանում, չի համարձակվում, նույնիսկ վախենում է խոսք բանալ։ Ես շարունակ սպասում էի և լռում։ Այն գաղտնի ուրախությունը, որ մինչ այդ ես հեշտությամբ կարդում էի նրա տարօրինակ շարժուձևերի, ծամածռությունների, ձախ աչքով անելու մեջ, չքացել էին։ նա րոպե առ րոպե անհանգիստ էր դառնում, տխուր, վերջապես չդիմացավ։