Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բոլոր թոքախտավորները, նա մինչև իր կյանքի վերջին րոպեն էլ հույսը չէր կտրում, թե դեռ շատ երկար պիտի ապրի։ Ինչ-որ մի տեղ ուսուցչի պաշտոն էին առաջարկում նրան, բայց դեպի այդ պաշտոնը նա զզվանք էր տածում։ Որևէ պետական հաստատության մեջ ծառայել էլ չէր կարող հիվանդության պատճառով։ Բացի դրանից, երկար պիտի սպասեր, մինչև որ ռոճիկ նշանակեին։ Կարճ՝ Պակրովսկին ամեն տեղ էլ միայն անհաջողության էր հանդիպում, բնավորությունր փչացել էր։ Առողջությունը խանդարվում էր, բայց ինքը չէր նկատում։ Վրա էր հասնում աշունը։ Ամեն օր նա իր թեթև վերարկուով գնում էր աշխատելու, որ մի գործ գտնի, խնդրելու, աղաչելու, որ որևէ տեղ պաշտոն տան իրեն — մի բան, որը ներքուստ տանջում էր նրան. անձրևի տակ թրջվում էր, ոտները թաց անում և վերջապես անկողին մտավ ու այլևս վեր չկացավ․․․ Մեռավ խոր աշնանը, հոկտեմբեր ամսի վերջին։

Նրա հիվանդության ամբողջ ժամանակ ես գրեթե չէի հեռանում իր սենյակից, մտիկ էի տալիս, ծառայում։ Հաճախ ամբողջ գիշերներ չէի քնում։ Քիչ էր պատահում, որ ուշքը գլխին լիներ․ հաճախ զառանցում էր, խոսում էր. աստված գիտե, ինչ, զառանցում էր պաշտոնի մասին, իր գրքերի մասին, իմ մասին, հոր մասին... և այստեղ շատ բան իմացա իր հանգամանքների մասին, ինչ որ առաջ չգիտեի և նույնիսկ մտքովս չէր անցնում։ Նրա հիվանդության սկզբում մերոնք բոլորը մի տեսակ տարօրինակ աչքով էին նայում ինձ. Աննա Ֆյոդորովնան երերում էր գլուխը։ Բայց ես շեշտակի նայում էի ամենքի աչքերին, և այլևս չէին դատապարտում ինձ, որ ես կարեկցում էի Պակրովսկուն,— գոնե մայրիկս։

Երբեմն Պակրովսկին ճանաչում էր ինձ, բայց այդ շատ քիչ էր պատահում։ Նա գրեթե ամբողջ ժամանակ ուշագնաց էր։ Երբեմն ամբողջ գիշերներ չես իմանում ում հետ էր խոսում երկա՜ր, երկա՜ր, անորոշ, մութ խոսքերով, և նրա խռպոտ ձայնը խուլ արձագանք էր տալիս իր նեղլիկ սենյակում, ինչպես դագաղի մեջ. այն ժամանակ ինձ սարսափ էր պատում։ Մանավանդ վերջին գիշերը կատաղածի պես էր սաստիկ տանջվում էր, հառաչում. նրա հառաչանքները