Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտրատում էին սիրտս։ Տան մեջ ամենքին մի տեսակ վախ էր պատել։ Աննա Ֆյոդորովնան շարունակ աղոթում էր, որ աստված շուտով առնի նրա հոգին։ Բժիշկ կանչեցին։ Բժիշկն ասաց, որ հիվանդն առավոտյան դեմ կմեռնի անպատճառ։

Ծերունի Պակրովսկին ամբողջ գիշերն անցկացրեց միջանցքում, որդու սենյակի դռան մոտ. այստեղ ինչ-որ խսիր փռեցին նրա համար։ Րոպե առ րոպե մտնում էր սենյակը. մարդ սոսկում էր նրան նայելիս։ Վիշտն այնպես էր սպանել նրան, որ բոլորովին անզգա և անմիտ մարդու տպավորություն էր գործում։ Գլուխը շարժվում էր ահից։ Ինքն ամբողջապես դողում էր և շարունակ ինչ-որ բաներ էր ասում քթի տակ, ինչ-որ դատողություններ էր անում ինքնիրեն։ Ինձ թվում էր, թե կխելագարվի վշտից։

Լուսադեմից առաջ ծերունին, հոգեկան ցավից հոգնած, սպանվածի պես քնեց իր խորի վրա։ Ժամը ութին որդին սկսեց մեռնել. հորը զարթեցրի։ Պակրովսկին կատարյալ գիտակցության մեջ էր և հրաժեշտ տվեց ամենքին։ Զարմանալի բան։ Չկարողացա լալ, բայց հոգիս կտոր-կտոր էր լինում։

Բայց ամենից ավելի քայքայեցին և տանջեցին ինձ նրա վերջին րոպեները։ Իր կապ ընկնող լեզվով նա երկա՜ր-երկա՜ր ժամանակ ինչ-որ բան էր խնդրում շարունակ, և ես ոչինչ չէի կարողանում հասկանալ նրա խոսքերից։ Սիրտս կտրատվում էր ցավից։ Մի ամբողջ ժամ անհանգիստ էր, շարունակ ինչ-որ բանի կարոտ էր քաշում, աշխատում էր ինչ-որ նշան տալ սառչող ձեռքերով և ապա նորից սկսում էր խնդրել խղճալի, խռպոտ, խուլ ձայնով, բայց նրա խոսքերն անկապ հնչյուններ էին միայն, և ես նորից ոչինչ չկարողացա հասկանալ։ Ես մոտեցնում էի նրան մերոնց բոլորին, ջուր էի տալիս, որ խմի, բայց նա գլուխը միշտ շարժում էր տխրորեն։ Վերջապես, իմացա ինչ էր ուզում։ Խնդրում էր պատուհանի վարագույրը բարձրացնեմ և տախտակի փեղկերը բանամ։ Անշուշտ ուզում էր վերջին անգամ նայել ցերեկվա լույսին, աստծու ստեղծած աշխարհին, արևին։ Վարագույրը հետ քաշեցի, բայց նոր բացվող օրը տխուր էր ու թախծալի, ինչպես մեռնողի մարող խեղճ կյանքը։