Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոմի բոցը սիրուն, շողուն
Նրան խտտղում էր, գրավում.
Նա ուրախ էր, ուրախ անհուն,
Թռչտում էր և խաղում։

Նա չէր զգում, թե այրում էր
Մերթ այս, մերթ այն յուր թևիկ.
Նա անդադար թռչտում էր,
Նա ուրախ էր, երջանիկ։

Բայց անգամ էլ, երբ մոտեցավ
Մոմի բոցին նա շողուն,
Հանկարծ բոցը — ինչպե՞ս եղավ —
Լափեց, կլանեց նրան իսկույն։

Եվ այլևս թիթեռնիկը
Չէր թռչտում, չէր խաղում,
Միայն բոցը առաջվա պես
Հանգիստ վառվում էր, շողում։

26 դեկտեմբ. 1886.



* * *

Ես շատ տեղեր զվարճության
Հաճախել եմ անդադար,—
Թե՛ Բաքոսին այցելության,
Մելպոմենի թե՛ տաճար,
Թե ոգեշունչ հուշ ածելու
Ապողոնի քնարին,
Թե՛ քաղցրագույն նինջ մտնելու
Դյութիչ գրկում Աստղիկի,—
Բայց բնավ այնպես չէ խնդացել,
Թեթևացել սիրտս անձուկ,
Ինչպես՝ երբոր հեք-թշվառի
Սրբել եմ ես դառ արցունք...

12 փետր. 1887.