Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արև չկար։ Ամպերը երկինքը ծածկել էին մշուշի սավանով, անձրևային, մռայլ, տխուր էր երկինքը։ Մանրիկ անձրևը թակում էր ապակիները, ողողում ցուրտ, կեղտոտ ջրով, օրը խամրած էր և մութ։ Հազիվ-հազ սենյակ էին մտնում խավարամած օրվա շողերը և հազիվ-հազ հաղթահարում որթի պատկերի առջև առկայծող կանթեղի երերուն լույսը։ Մեռնողը նայեց ինձ տխուր-տխուր և երերեց գլուխը։ Մի րոպեից հետո մեռավ։

Թաղման կարգադրություններն անում էր ինքը՝ Աննա Ֆյոդորովնան։ Մի շատ, շատ հասարակ դագաղ գնեցին և բեռնակիր մի կառք վարձեցին։ Իբրև գրավական իր արած ծախքերի, Աննա Ֆյոդորովնան զավթեց հանգուցյալի բոլոր գրքերն ու իրերը։ Ծերունին վիճում էր նրա հետ, աղմկում, գրքերից խլեց որքան կարող էր, բոլոր գրպանները լցրեց նրանցով, կոխեց գլխարկի մեջ, ուր կարող էր ու հետը ման էր ածում ամբողջ երեք օր, նույնիսկ այն ժամանակ, երբ պետք էր եկեղեցի գնալ։ Այդ բոլոր երեք օրը նա խելքը կորցրածի, շշմածի պես էր և ինչ-որ տարօրինակ հոգացողությամբ շարունակ պտտվում էր դագաղի շուրջը։ Մերթ հանգուցյալի վրա դրած պսակն էր ուղղում, մերթ վառում և հանում էր մոմերը։ Երևում էր, որ մտքերը ոչ մի բանի վրա կարգին կանգ առնել չէին կարողանում։ Ոչ մայրիկը, ոչ էլ Աննա Ֆյոդորովնան եկեղեցի չեկան հուղարկավորությանը: Մայրիկս հիվանդ էր, իսկ Աննա Ֆյոդորովնան պատրաստվել էր գալու, բայց ծերունի Պակրովսկու հետ կռվեց և չեկավ։ Միայն ես էի, մեկ էլ ծերունին։ Ժամերգության ժամանակ ինչ-որ վախ պատեց ինձ — կարծես ապագայի մի նախազգացում։ Հազիվ կարողացա եկեղեցում մնալ մինչև վերջը։— Վերջապես, դագաղը ծածկեցին, մեխեցին, դրին կառքի վրա և տարան։ Ես հուղարկավորեցի միայն մինչև փողոցի վերջը։ Կառապանը քշեց։ Ծերունին վազում էր հետևից և բարձրաձայն լալիս։ Նրա լացը դողդողում և ընդհատվում էր վազելուց։ Խեղճը կորցրեց գլխարկը և կանգ չառավ, որ վերցնի։ Գլուխը թրջվում էր անձրևից, քամի էր բարձրանում, ցուրտ մշուշը կտրում, ծակում էր դեմքը։ Ծերունին, ըստ երևույթին, չէր զգում ցուրտը և կառքի մեկ այս կողմն էր վազում, մեկ այն կողմը։ նրա հնամյա սյուրտուկի