Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փեշերը փռփռում էին քամուց թևերի պես։ Բոլոր գրպաններից գրքերը հանել էին գլուխները, ձեռքին մի ահագին գիրք ուներ պինդ բռնած։ Անցորդները հանում էին գլխարկները ե երեսները խաչակնքում։ Ոմանք կանգ էին առնում և զարմանում խեղճ ծերունու վրա։ Գրքերը րոպե առ րոպե ընկնում էին՝ գրպաններից ցեխի մեջ։ Նրան կանգնեցնում էին, ցույց տալիս կորուստը. վերցնում էր, նորից վազ տալիս դագաղին հասնելու։ Փողոցի անկյանը նրա հետ ընկերացավ դագաղին ուղեկցելու ինչ-որ մի աղքատ պառավ կին։ Կառքը վերջապես ծռվեց դեպի մյուս փողոցը և ծածկվեց իմ աչքերից։ Ես տուն գնացի։ Սոսկալի թախիծով ընկա մայրիկիս կրծքին։ Ձեռքերիս մեջ սեղմում էի նրան պինդ-պինդ, համբուրում և հեկեկալով լաց լինում, վախկոտությամբ սեղմելով նրան, կարծես աշխատելով պահելու գրկիս մեջ իմ վերջին բարեկամին և թույլ չտալու, որ մահը խլի նրան ինձանից... Բայց մահն արդեն կանգնած էր խեղճ մայրիկիս գլխավերևը...

Հունիս 11-ին

Ինչքա՛ն շնորհակալ եմ ձեզնից դեպի կղզիները կատարած երեկվա զբոսանքի համար, Մակար Ալեքսեևիչ։ Ինչքա՜ն թարմ, լավ է օդն այնտեղ, ի՜նչպիսի բուսականություն։ Որքա՜ն ժամանակ է, որ ես կանաչ բուսականություն չեմ տեսել։ Հիվանդ ժամանակս ինձ միշտ թվում էր, թե պիտի մեռնեմ և կմեռնեմ անպատճառ. ուրեմն, ինքներդ դատեցեք, թե ինչ պիտի զգայի ես երեկ։ Մի նեղանաք ինձնից, որ երեկ ես այնքան տխուր էի, ես շատ լավ, շատ թեթև էի զգում ինձ, բայց իմ ամենալավ րոպեներին ինձ միշտ մի տեսակ տխրություն է պատում։ Իսկ որ լաց էի լինում, այդ դատարկ բան է, ինքս էլ չեմ իմ անում՝ ինչու միշտ լաց եմ լինում։ Զգացողություններս ցավագին, ջղային են, տպավորությունս՝ հիվանդագին։ Անամպ, դժգույն երկինքը, արևի մուտքը, երեկոյան խաղաղությունը, այս բոլորը ես արդեն չեմ իմանում, բայց երեկ ես մի տեսակ տրամադրված էի բոլոր տպավորություններն ընդունելու ծանր, տանջալից կերպով, այնպես սիրտս լցվում էր, հոգիս լաց էր ուղում։