Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկացող և վերջապես զանազան գովաբանություններ եք անում ինձ։ Այս բոլորը ճիշտ է, ջանիկս, այս բոլորը կատարյալ ճշմարտություն է, ես իսկապես այդպես էլ եմ, ինչպես դուք եք ասում, ինքս էլ գիտեմ այդ. բայց հենց որ կարդում եմ այդ, ինչպես որ դուք եք գրում, ակամա հրճվում է սիրտս, իսկ հետո զանազան ծանր դիտողություններ են գալիս։ Ահա լսեցեք, ջանիկս, ես միքանի բան պատմեմ ձեզ, բալիկս։

Կսկսեմ այն բանից, որ ես ընդամենը տասնյոթ տարեկան էի, ծառայության մտա, և ահա արդեն երեսուն տարին կլրանա շուտով իմ ծառայական ասպարեզի։ Դե՛ էլ ինչ ասել կուզի, բավականաչափ վիցմունդիրներ եմ մաշել, հասակ եմ առել. խելոքացել, մարդիկ տեսել, ապրել եմ, կարող եմ ասել, ապրել աշխարհիս երեսին այնպես, որ մի անգամ նույնիսկ ուզում էին ինձ ներկայացնել խաչ ստանալու։ Դուք, գուցե, չեք հավատում, իսկ ես, հավատացեք, սուտ չեմ ասում։ Ձեզ ի՜նչ, ջանիկս, գտնվեցին չար մարդիկ, որոնք խանգարեցին այս բանը։ Իսկ ես կասեմ ձեզ, բալիկս, որ ես թեև տգետ մարդ եմ, հիմար մարդ եմ գուցե, բայց նույնպիսի սիրտ ունեմ, ինչպես ուրիշ ամեն մեկը։ Եվ գիտե՞ք, Վարինկա, ինչ արեց ինձ չար մարդը։ Ամոթ է ասեմ՝ ինչ արեց, հարցրեք — ինչու արեց։ Նրա համար, որ ես հեզ մարդ եմ, նրա համար, որ ես խաղաղ մարդ եմ, նրա համար, որ բարի մարդ եմ։ Քեֆներին չեկա, ու ինչ ուզեցին, արին։ Սկզբում սկսվեց նրանով, թե՝ «Դուք Մակար Ալեքսեևիչ, այս ու այն եք», հետո թե՝ «իսկի մի՛ք էլ հարցնի Մակար Ալեքսեևիչ»։ Իսկ այժմ եզրափակեցին նրանով, թե՝ «պրծավ — այդ Մակար Ալեքսեևիչի բանն է»։ Ահա տեսնում եք, ջանիկս, բանն ինչպես գնաց, ամեն բանում Մակար Ալեքսեևիչր. նրանց արածը միայն այն էր, որ Մակար Ալեքսեևիչին մի մատը մեղր շինեցին մեր ամբողջ վարչության մեջ։ Եվ բավական չէ, որ մի մատը մեղր շինեցին և համարյա թե հայհոյանքի խոսք դարձրին իմ անունը, հասել են մինչև կոշիկներս, մունդիրս, մազերս, իմ ամբողջ կերպարանքը.— ամեն ինչ քեֆներովը չէ, բոլորը պետք է վերափոխել։ Եվ այս բոլորն անհիշատակելի ժամանակներից ի վեր ամեն աստծու օր կրկնվում է։ Ես սովորել եմ, որովհետև