Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բացի այդ, եթե ամենքն սկսեին հեղինակել, արտագրո՛ղը ով կլիներ։ Ես ահա թե ինչ հարը եմ անում և ձեզ էլ խնդրում եմ պատասխան տաք, ջանիկս։ Ուրեմն, ես գիտակցում եմ այժմ, որ ես հարկավոր եմ, որ ես անհրաժեշտ եմ, և թե հարկ չկա դատարկախոսություններով մարդու շշկլացնել։ Ասենք, շատ բարի, թսղ ես մուկ լինեմ, թե որ նմանություն են գտել։ Բայց այդ մուկը հարկավոր է, այդ մուկն օգուտ է բերում, այդ մուկն է, որ պահում է նրանց, այդ մկանն է, որ պարգև է դուրս գալիս,— ահա թե ինչ տեսակ մուկ է դա։ Սակայն բավական է այս մասին խոսենք, բալիկս, ես հո այս մասին չէի էլ ուզում խոսել, միայն այնպես, մի քիչ տաքացա։ Բայց և այնպես հաճելի է, որ մարդ ժամանակ առ ժամանակ արդարության հարկը տա իրեն։ Մնաք բարով, բալիկս, իմ աղավնյակ, իմ բարի մխիթարիչ։ Կգամ, անպատճառ կգամ ձեզ մոտ, կայցելեմ ձեզ, իմ պայծառիկ։ Իսկ դուք մի՛ ձանձրանաք առայժմ։ Ձեզ համար գիրք կբերեմ։ Դե՛, մնաք բարով, Վարինկա։

Ձեր սրտագին բարյացակամ

Մակար Դեվուշկին:
Հունիս 20

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Գրում եմ ձեզ ձեռաց. շտապում եմ, գործս պիտի վերջացնեմ ժամանակին։ Գիտե՞ք բանն ինչումն է, միքանի լավ բաներ կան ծախու։ Ֆեդորան ասում է, որ իր մի ծանոթի մոտ կա մի ինչ-որ վիցմունգիր, բոլորովին նոր, ներքնաշոր, ժիլետ և գլխարկ, և ասում է՝ բոլորն էլ խիստ էժան, չավ կլինի, որ գնեք։ Այժմ էլ հո կարիքի մեջ չեք, փող էլ ունեք, ինքներդ եք ասում, որ ունեք։ Խնդրում եմ՝ ժլատություն չանեք, չէ՞ որ այդ բոլորը հարկավոր բաներ են։ Մեկ նայեցեք ձեզ, թե ինչ հին շորերով եք ման գալիս։ Ամոթ է, ամբողջովին կարկատան։ Նոր շոր չունեք, այդ ես գիտեմ, թեև հավատացնում եք, թե ունեք։ Աստված գիտե, թե ում եք ծախել. ուրեմն լսեցեք ինձ, խնդրում եմ։ Ինձ համար արեք այդ. թե որ սիրում եք ինձ, գնեցեք։